Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործարարը խաղողագործին 1 մլն դրամ է պարտք

Հասարակություն
xaxox

Արմավիրի մարզի Արմավիր համայնքի բնակիչ Կարապետ Կարապետյանին «Շահնազարյան» ՍՊԸ-ն դեռ 1 մլն դրամի գումար է պարտք: «Դա մեծ գումար է գյուղացու համար: «Շահնազարյան» ՍՊԸ-ի տերը՝ Սամվել Շահնազարյանը, անընդհատ խաբում է, ասում է՝ այս ամսվա 15-ին կտանք, հետո մի ուրիշ բան է ասում, թե իմ հաշվին գումար չնստեց, մի խոսքով լոլո»,- «Ա1+»-ին ահազանգեց Կարապետ Կարապետյանը: Գյուղատնտեսը  ընդհանուր առմամբ  17 տոննա խաղող է հանձնել, քիչ  քանակությամբ խաղող հանձնողներ են եղել, նրանց գումարները վճարել է. «Քիչ հանձնողների գումարը տվեց, որ փողոց դուրս եկողները շատ չլինեն:  Հիմա խոշորներին խաբում է:  Պայմանագիր ունի, որ 2016 թ. մարտ ամսին պետք է վճարեր  2015 թ. ընդունած խաղողը»: Խաղողագործը հիշում է, որ խաղողի այգին հիմնել է 2010 թ. կառավարության առաջարկով՝ Հազարամյակի մարտահրավերներ ծրագրով: «Ես չգիտեմ՝ կառավարությունը հատուկ այսպես է անում, որ մենք թողնենք գնա՞նք:  Դուրս չենք գալիս  փողոցները փակենք, հասնենք կառավարության դռները, վերջիվերջո այս ժողովուրդը հո փողոցային ժողովուրդ չէ, որ ամեն ինչի համար դուրս գա փողոց»,- ավելացնում է Կարապետ Կարապետյանը: «Ա1+»-ը փորձեց կապ հաստատել նաեւ «Շահնազարյան» գինու-կոնյակի գործարանի հետ, սակայն զանգերը մնացին անպատասխան: «Ա1+»-ը պատրաստ է ներկայացնել նաեւ նրանց կարծիքը: