Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատժե՞լ եվրադատարան «գործ ուղարկած» դատավորին, թե` ոչ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
xazinyan

Չնայած հայաստանյան օրենքները շատ մոտ են արևմտյան չափանիշներին, այնուամենայնիվ՝ մեր կառավարությունն ամեն տարի տասնյակ հազարավոր եվրոներ է վճարում Եվրադատարանում պարտությունների դիմաց։ Ե՞րբ և  որ դեպքում է գալու դատական սխալների վերջը։ «Լավ օրենք ունենալը դեռևս շատ քիչ է, որպեսզի ունենանք դրա արդյունավետ կիրառողը։ Օրենքները կիրառողը պետք է լինի լավ, գիտակից, պարկեշտ քաղաքացի։ Բայց դա էլ բավարար չէ, պետք է լինի նաև լավ «կիրառվող» հասարակություն»,-  «Ա1+»-ի հետ զրույցում նշում է ԵՊՀ  իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը։ Օրենքի ճիշտ կիրառման համար նա կարևորում է հասարակության պահանջկոտությունը։ «Խոսքս չի վերաբերում մեկ-երկու դժգոհ պլակատներով տարբեր շենքերի առաջ «պահանջում ենք արդարություն» ասողներին։ Խոսքը հանրային պահանջարկի մասին է»։ Պարոն Ղազինյանի պնդմամբ՝ քանի դեռ հայաստանյան քաղաքացիական հասարակությունն իր բարձր իրավագիտակցության մակարդակով և այլ անհրաժեշտ պայմաններով չի ձևավորվել՝ որպես քաղաքացի և միություն, մենք ունենալու ենք այս խնդիրները։ Կարծիքներ են հնչում, որ յուրաքանչյուր դատավոր պետք է որոշակի պատասխանատվություն կրի իր կողմից հակաօրինական դատական որոշման համար, որը հավելյալ գումարային ծախս է արժեցել պետական բյուջեի վրա։ Դա կարող է լինել նյութական կամ գումարային պատիժ։ Գագիկ Ղազինյանն այդ տեսակետը հետևյալ կերպ է մեկնաբանում․ «Նման արձագանք ունենում է հարկատուն՝ յուրաքանչյուր դեպքին, բայց շատ մակերեսային մոտեցում է։ Խնդիրը շատ ավելի խորն է՝ պետություն, դու երաշխավորե՞լ ես այդ դատավորին, անցե՞լ է քո բոլոր նախանշած աստիճաններով և դատավոր է դարձել, պատասխան տուր նրա արածի համար»։ Մանրամասները՝ տեսանյութում