Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Հաշվելու պրոցեսը միշտ ուշադրությունից դուրս է եղել, հիմա դա էլ կնկարահանվի» (տեսանյութ)

Քաղաքականություն
Aram-Manukyan-nkar

Ընտրակեղծիքների համար պատիժները խստացվում են։ «Կեղծիքների համար մինչև հինգ տարի հոդվածներ է նախատեսված»,- ասում է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընտրակեղծիքների ծավալի նվազման այլ հիմք էլ կա։ Քվեարկությունից հետո հրապարակվելու են նաև ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները։ «Ընտրության հաջորդ օրը մենք կարող ենք ունենալ մարդկանց ստորագրություններով  ցուցակները, որը լայն հնարավորություն է տալիս ստուգելու, թե կա՞ն մարդիկ ցուցակներում, որոնք մեռած են, բայց ընտրություն է կատարվել նրանց փոխարեն։ Սրա արդյունքում շատ լուրջ, մեծ բլոկ, քանակ կեղծիքներից կկրճատվի»,- ասում է պարոն Մանուկյանը։ Ընտրողների անունները հանրային դարձնելն իշխանությունը կտրականապես մերժում էր՝ պնդելով որ այն հակասահմանադրական է։ Այդպիսի կարծիք ուներ նաև Վենետիկի հանձնաժողովը։ Արդյո՞ք այս կառույցը մնացել է նույն դիրքորոշմանը։ Երևանյան միջազգային խորհրդաժողովին մասնակցող Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչ Յան Հելգեսենը հրաժարվեց մեկնաբանել։ «Երկու կարծիք է եղել հաստատված, բայց մանրամասների համար դիմեք Ստրասբուրգ»,- ասաց նա։ Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը տեղյակ է այս քննարկումներից։ Նրա կարծիքով՝ ընտրողների ցուցակների հրապարակումը դեմ չէ անձնական տվյալների պաշտպանվածության գաղափարին։ «Ինչ-որ մի տեղ սա չի կարելի բացարձակ գաղտնի համարել։  Ցուցակները կարող են նաև հրապարակվել, չեմ կարծում, որ այստեղ միանշանակ կարելի է ասել, որ սա հակասում է Սահմանադրությանը կամ Սահմանադրության որևէ նորմի»։ Ընտրակեղծարարների ձեռքը բռնելու համար ՀԱԿ պատգամավորը շրջադարձային է համարում ընտրական գործընթացի ուղիղ հեռարձակումն ու տեսանկարահանումը։ Համացանցով հնարավոր կլինի հետևել նաև ընտրատեղամասի շուրջ իրադարձություններին։ «Հաշվելու պրոցեսը միշտ ուշադրությունից դուրս է եղել, հիմա հաշվելու պրոցեսն էլ կնկարահանվի։ Դա նշանակում է, որ ներսում ոչ մի կռիվ, արկղ գողանալ, լցոնումներ չի լինելու»,- մեկնաբանում է Արամ Մանուկյանը։ Վերջերս էլ խորհրդարանում ընտրական օրենսգրքի քվեարկության ժամանակ  ընդդիմադիրների բուռն քննադատությանն էր արժանացել ընտրակեղծիքի մասին ոչ ստույգ հայտարարություն անող անձին մինչև 5 տարվա ազատազրկման արժանացնելու մասին դրույթը։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը նշում է. «Կարող է և քեզ մոտ տպավորությունն այնպիսին է, որ հանցագործություն է կատարվել, բայց իրականում պարզվում է, որ չի կատարվել, դրա համար պետք է չդատապարտեն  մարդուն։ Խոսքը վերաբերվում է այն դեպքին, երբ ես գիտեմ որ չի եղել ընտրակեղծիք, բայց անձին մեղադրում եմ հանցագործության մեջ, էդ դեպքում արդեն պատասխանատվության ենթակա է անձը»։ Մասնագետների գնահատմամբ՝ արդար ընտրություններ անցկացնելու համար օրենսգիրքը միայն բավարար չէ։ Դա կախված է քաղաքացիների բարձր գիտակցությունից ու իշխանությունների քաղաքական կամքից։