Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիվանդանոցի փակման հարցում մեղադրում են նաև Զորի Բալայանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
hiv

«Երևան» բժշկական կենտրոնը հոսանքազրկվել է հենց վիրահատության պահին։ Հիվանդանոցի համասեփականատեր Հայկ Բալայանը հիվանդին ընդունելիս տեղյակ է պահել, որ վիրահատության ընթացքում հնարավոր է անջատվեն լույսերը, ընտանիքի անդամներն ասել են, որ պատրաստ են անգամ մոմերի լույսերի ներքո անցկացնել վիրահատությունը։ 6- րդ հիվանդանոցի  հենքի վրա ստեղծված   բժշկական կենտրոնը    պարտք է ոչ միայն էլցանցին։    Չվճարված 55 միլիոն դրամի  հարկի ու կուտակված այլ պարտքերի պատճառով հիվանդանոցը  փակվում է։   Համասեփականատեր Հայկ Բալայանը մեղադրում է  գործընկերոջը՝ Տարոն Տոնոյանին, որը տնօրինել է կառույցը. «Բացահայտել եմ ֆինանսական ոչ տեղին արտահոսք, որից հետո իրեն առաջարկել եմ արդար աշխատել և որ ես տնօրինեմ հիմնարկը, որին նա կտրուկ դեմ է եղել և միանգամից ասել է, որ մեկ ժամ անգամ չի ուզում ինձ տեսնել տնօրենի պաշտոնում և ասել է` արի կիսենք հիվանդանոցը, սա սկսվեց այն պահին երբ ես որոշեցի տեր կանգնել իմ 50 տոկոսին»: Տարոն Տոնոյանը նշում է, որ չի ցանկանում գործընկերոջ հետ հարաբերությունները պարզել լրատվական դաշտում, սակայն իր հասցեին հնչող մեղադրանքներին չարձագանքել չի կարող. «Ինչպես յուրաքանչյուր աշխատող հիմնարկում, կարող են լինել բացթողումներ, թերություններ, սակայն այն, որ հիվանդանոցը փակվել է և այս պահին հոսանք չունենք, ոչ թե այն պատճառով է, որ վատ ենք աշխատել, այլ պարզապես տնօրեն չունենք, հիմա բանկում մեր հաշվին գումար կա, որը ՊԵԿ-ը չի կարող տանել, որովհետև տնօրեն չունենք»։ Նա բացատրում է, թե ինչու է դեմ, որ Հայկ Բալայանը տնօրինի հիվանդանոցը. «Պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ սա խլելու դասական գործընթաց է, այլապես գործադիր տնօրեն ունենալու իմ առաջարկները չէին մերժվի»։ Ստեղծված իրավիճակի համար Տարոն Տոնոյանն իր հերթին  մեղադրում է  գործընկերոջ հորը՝   գրող, հրապարակախոս Զորի Բալայանին. «Ես գործ ունեմ, ոչ թե Հայկ Բալայանի, այլ նրա հոր հետ, ամեն բան իր կողմից է թելադրված, ամեն ինչ նրա սցենարով է գնում»։ Հայկ Բալայանն իր հերթին ասում է. «Տարբեր նյութեր են տպում օգտագործելով հայրիկիս անունը դիտելիություն ապահովելու համար, հանրությանը ներկայանում եմ որպես Հայկ Բալայան, և պարտադիր չի, որ հորս անունը միշտ շեշտվի իմ մասին խոսելիս»: Թե ինչ կլինի  «Երևան» բժշկական կենտրոնի ճակատագիրը, պարզ չէ, քանի որ որեւէ կողմ չի ցանկանում զիջումների գնալ։ Իսկ հիվանդներն արդեն այլ բուժհաստատություններ են փնտրում։