Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետպատվերը չի բավարարում բժիշկների պատճառով. նախարար (տեսանյութ)

Հասարակություն
levon-altunyan-1

Մագնիսառեզոնանսային շերտագրում, համակարգչային տոմոգրաֆիա եւ մի շարք այլ թանկարժեք  հետազոտություններ պետպատվերով անցնելու համար այս տարի պետբյուջեից հատկացված դրամական միջոցները սպառվել են: Առողջապահության նորանշանակ նախարարը վստահ է՝ գումարը չի բավականացրել մեծամասամբ բժիշկների պատճառով: «Չեն համապատասխանում հիվանդի գանգատները, բողոքները եւ նշանակված հետազոտությունները: Մի փոքր գլխացավի կամ մեջքի ցավի պատճառով՝ նշանակվել է համակարգչային տոմոգրաֆիա: Բնականաբար գումարները շուտ վերջացել են»,-ասում է Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը: Նա տեղեկացնում է, որ այսուհետ նախարարությունը խիստ վերահսկողություն կիրականացնի: Ներդրվել են չափորոշիչներ, որոնց հիման վրա էլ գնահատվելու է բժիշկների աշխատանքը: Սխալ դուրսգրումներ  կատարող բժիշկները կստանան նկատողություն, որից հետո էլ՝ աշխատանքից հեռացում: Նախարարությունը խնդրի լուծման տարբերակ է գտել: Որոշվել է պետպատվերի համար տրամադրվող գումարն ավելացնել՝ չծախսված եւ տնտեսված գումարների հաշվին: «Նախատեսված էր 400 մլն դրամ, ծախսվել է 370-ը: Եվս 150 մլն դրամ կավելացնենք»,- տեղեկացրեց նախարարը: Նորանշանակ նախարարը խոստացավ աշխատել բժշկին հատուկ՝ «մի վնասիր» սկզբունքով: Ըստ այդմ, արդեն գործող անվճար բուժման ծրագրերը կպահպանվեն նաեւ մյուս տարի; Իսկ նոր ծրագրերը կմշակվեն 2017 առաջին եռամսյակում: