Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանի և Թուրքիայի ՏՏ ոլորտները համագործակցելու ներուժ ունեն»

Քաղաքականություն
Untitled-6

Հոկտեմբերի 5-11-ը հայկական ՏՀՏ ոլորտի պատվիրակությունը մասնակցում էր Ստամբուլում կայացող Startup Istanbul խոշոր տարածաշրջանային միջոցառմանը։   «Հայաստանի և Թուրքիայի ՏՏ ոլորտները համագործակցելու ներուժ ունեն» «Ի՞նչ կլինի, եթե դադարեցնենք քաղաքական պայքարը և սկսենք համագործակցել»,- հարցադրում  է անում ՄԻՖ (MEF) (Թուրքիա) համալսարանի փոխռեկտոր, թուրք ձեռներեցների շրջանում ազդեցիկ դեմքերից Էրհան Էրկուտը  StartupIstanbul տարածաշրջանային ՏՏ համաժողովի ընթացքում մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ: Նա Հայաստանի և Թուրքիայի ՏՏ ոլորտների միջև համագործակցության մի շարք հնարավորությունների ներուժ է տեսնում: «Սա քաղաքականություն չէ, սա էկոնոմիկա է և բարեկեցություն»,- ընդգծում է Էրհան Էրկուտը: Նա համոզված է, որ տարածաշրջանում բոլոր երկրները պետք է համագործակցեն, որը կնպաստի տարածաշրջանում բոլոր երկրների միջև խաղաղության հաստատմանը: «StartupIstanbul»-ի մասնակից, HY PICTURES-ի հիմնադիր Հասմիկ Հովհաննիսյանը մեծ ձեռքբերում է համարում այն, որ արևմտահայ գրականության կոմիքսներով հետաքրքրվել են թուրքական հրատարակչությունները, և հնարավոր է՝ դրանք թարգմանվեն և տպագրվեն թուրքերեն լեզվով: HY PICTURES-ի և թուրքական հրատարակչությունների միջև համագործակցության հնարավորությունները ստեղծվել են հոկտեմբերի 6-10-ը Ստամբուլում անցկացված «StartupIstanbul»  ֆորումի ընթացքում: Այս տարածաշրջանային ՏՏ միջոցառմանն առաջին անգամ մասնակցելու բացառիկ հնարավորություն ունեին ևս 9 հայկական սթարթափեր ՝ Հանրային լրագրության ակումբի (Հայաստան)  եւ  ՏԵՊԱՎ հիմնադրամի (Թուրքիա)՝ «Ձեռներեցների փոխայցելություն» նախագծի միջոցով: Էրհան Էրկուտը հայկական թիմի մասնակցությունը StartupIstanbul-ին մեծ առավելություն է համարում: Նա հույս ունի, որ թուրքական կողմն էլ կրկին հնարավորություն կունենա այցելելու Հայաստան: «Հուսով եմ` կզարգացնենք հարաբերությունները էկոնոմիկայի մակարդակում, և քաղաքական գործիչները կհետևեն սթարթափերի քայլերին»: Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանն ասում է, որ ՀԼԱ-ի եւ գործընկեր ՏԵՊԱՎ հիմնադրամի համար կարևոր էր շարունակել դեռեւս 2014-ին սկսած՝ Հայաստան-Թուրքիա ձեռներեցների փոխայցելություններ նախագիծը: Նախորդ տարիներին կազմակերպվել են փոխայցելություններ եւ դասընթացներ  ՏՀՏ ոլորտի ձեռներեցների համար, որոնց շնորհիվ երկու երկրների ներկայացուցիչները ճանաչել ու բացահայտել են Հայաստանի ու Թուրքիայի այդ դաշտերի հնարավորությունները, տարբերություններն ու առավելությունները: «StartupIstanbul-ին մեր մասնակցությունը ամրապնդեց մեր նախկինում կատարած աշխատանքները»,- ընդգծում է Սեդա Մուրադյանը: Հայաստանյան մասնակիցները պատմում են, որ թուրքիայի մասնակիցների հետ շփումներում խոչընդոտներ չեն եղել: «Երբ թուրք մասնակիցները, հարցնում էին` որտեղի՞ց եք, ասում էինք` Հայաստանից, ասում էին՝ Հայաստանի՞ց եք, ինչ լավ է, որ եկել եք այսօր: Շփումը նույնն է, ինչ Պակիստանի, Ամերիկայի ներկայացուցիչների հետ, վերաբերմունքի տարբերություն մենք չենք զգում»,- ասում է StartupIstanbul-ի մասնակից, Earlyone սթարթափի ներկայացուցիչ Ֆլորա Բաբաջանյանը: Skycryptor-ի հիմնադիր Արամ Ջիվանյանը, լրացնելով Ֆլորայի միտքը, նշում է, որ գործարար էթիկայի բոլոր սկզբունքները պահպանվում էին. «Թուրքիայի մասնակիցների հետ շփվում ենք որպես գործարարներ»: ՏԵՊԱՎ (Թուրքիա) հիմնադրամի նորարար ծրագրերի քաղաքականության վերլուծաբան Ջանսու Սարաջը տպավորված է միջոցառման գրանցված արդյունքներից: Նա կարևոր է համարում միջոցառմանը հայկական սթարթափերի մասնակցությունը, համագործակցության ուղիների ստեղծումը տարբեր միջազգային ներդրողների հետ: Նա նաև ընդգծում է հայկական երկու սթարթափերի հաջողությունները՝ լավագույն 50-ի ցուցակում հայտնվելը և ներդրողների առջև ելույթ ունենալը: Հայկական LiTech նորաստեղծ ընկերությունն արդեն իսկ Kworks թուրքական աքսելերատոր ծրագրի կողմից համագործակցության առաջարկ է ստացել: «Մենք ցանկանում ենք ուսումնասիրություններ անել Թուրքիայում, քանի որ Թուրքիայում բավականին շատ ջերմոցներ և տեխնոլոգիաներ կան և հեշտ և արագ կլինի այստեղ ուսումնասիրություններ կատարելը: Նրանք մեզ առաջարկեցին ուսումնասիրությունների 6 ամսվա ընթացքում մեզ տրամադրել գրասենյակային, արտադրական տարածք և ուսումնասիրությունների համար օգնել ջերմոցներ գտնել: Այստեղ կա նաև առաջին թուրքական Crowdfunding հարթակը, որը մեզ առաջարկում է Kworks-ի հետ համագործակցության դեպքում crowdfunding արշավ սկսել և այդ միջոցով գումար ստանալ»,- պատմում է ընկերության ներկայացուցիչ Ժորժ Սեյրադարյանը: Ըստ Էրհան Էրկուտի՝ հայկական սթարթափերը միջազգային շուկա հասնելու համար հստակ ռազմավարություն պետք է ունենան, կարող են սկսել, օրինակ, Թուրքիայից կամ Իրանից, այնուհետև շարժվել՝ Հունաստան, Եվրոպա, կամ ԱՄՆ: Համեմատական անցկացնելով հայկական  և թուրքական ՏՏ շուկայի միջև, Էրկուտը նշում է, որ հայկական փոքր շուկան սթարթափերի համար առավելություն է: Այն հայկական սթարթափերի համար անհրաժեշտություն է ստեղծում գլոբալ մտածողության և սեփական արտադրանքը միջազգային շուկա թիրախավորելու համար: Այս տարի հեղինակավոր «StartupIstanbul» ֆորումին  135 երկրից դիմել էին 24.646 սթարթափեր, որոնցից միայն շուրջ  500-ը  մասնակցեցին միջոցառմանը: Այդ 500 սթարթափերի շարքում ընտրվել էին նաեւ Ձեռներեցների փոխայցելություն նախագծի մասնակից  հայաստանյան 10-ը ընկերությունները: Նախագիծը մասն է կազմում  «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի, որին աջակցում է Եվրոպական միությունը: Նյութի սկզբնաղբյուրը` Mynews.am Հեղինակ` Արփինե Արզումանյան