Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործով տուժողը չի ճանաչել ամբաստանյալին

Քաղաքականություն
dat-nkar

Սարի թաղի դեպքերից հետո կալանավորված Էդուարդ Զեյթունցյանը առանց օրինական հիմքերի եւ դատարանի որոշման է պահվում կալանքի տակ, ուստի նրա խափանման միջոցը պետք է փոխվի. նշում է նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: «Խափանման միջոցը ընտրվել է, ժամկետը լրացել է  եւ չի երկարացվել: Հիմա դատարանը մեխանիկորեն գործը դատաքննության նշանակելու որոշման մեջ  թողել է անփոփոխ: Եվրոպական դատարանը նշում է, որ նման բան չպետք է լինի. անձի համար հստակ եւ սահմանված պետք է լինեն,  թե ինչ ժամկետով է լինելու նրա կալանքը»,- ասաց Լիպարիտ Սիմոնյանը: Նրա խոսքերով՝ որեւէ մեկի գործողությունը նկարագրված չէ, որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ: Ինչպես նաեւ հստակ ու  պարզ չէ,  թե ի՞նչ գործողության համար է մեղադրվում, ո՞ւմ է վնասել, ե՞րբ, ո՞նց: Այս գործն այսօր քննվում էր Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Բացի Էդուարդ Զեյթունցյանից, գործով անցնում են նաեւ Անդրանիկ Քոսեյանը, Հրայր Իսախանյանը, Հարություն Թորոսյանը: Նրանք մեղադրվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ: Նիստին չէր ներկայացել Անդրանիկ Քոսեյանի պաշտպանը՝ տեղեկացնելով, որ  գտնվում է արձակուրդում եւ խնդրել էր դատարանին՝ դատական նիստը նշանակել իր արձակուրդից հետո: Սակայն դատարանը որոշեց շարունակել դատավարության նախապատրաստական մասը: Լիպարիտ Սիմոնյանը առարկեց դատարանի որոշման դեմ՝ նշելով, որ դատավորը հաշվի չառավ Անդրանիկ Քոսեյանի կարծիքը: Դա էլ հիմք հանդիսացավ, որ նա դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնի:  Մեկ ժամից ավել խորհրդակցական սենյակում մնալուց հետո դատավորը մերժեց միջնորդությունը եւ հայտարարեց, թե պաշտպանները դեմ են նիստի նախապատրաստական մասն անցկացնելու առանց Անդրանիկ Քոսեյանի պաշտպանի, ուստի դատական նիստը հետաձգվում է: «Քրեական դատավարության օրենսգրքի պահանջն է դա»,- դատարանի բացատրեց Լիպարիտ Սիմոնյանը: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ նոյեմբերի 8-ը: Գործով ամբաստանյալ Հրայր Իսախանյանի պաշտպան Գրիշա Բալասանյանն էլ  ավելացնում է, որ որեւէ բռնություն տեղի չի ունեցել: «Չկա որեւէ փաստ, որն կապացուցի, որ իմ պաշտպանյալը բռնություն է գործադրել:  Առերեսում եղել է մեկ տուժողի հետ, նույնիսկ տուժողը չի ճանաչել նրան»,- ավելացնում է պաշտպանը: Հրայր Իսախանյանը ընտանիքի միակ կերակրողն է՝ խնամքին  ունի երկու մանկահասակ երեխա: