Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարության ծրագիրն ընդունվեց. վարչապետի լեզվի սայթաքումը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
karen

85 կողմ, 7 դեմ, 6 ձեռնպահ ձայներով այսօր ԱԺ-ն արտահերթ նիստում հաստատեց Կառավարության ծրագիրը: ԲՀԿ-ն հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը, ՕԵԿ-ը ձեռնպահ էր: Իսկ մինչ քվեարկությունը ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ ինքը ոչ ելույթ է ունեցել, ոչ էլ հարցեր ուղղել, քանի որ պրակտիկան ցույց է տվել, որ դրանից բան չի փոխվում. «Չեմ ուզում մտնել ծայրահեղությունների մեջ: Ասեմ, որ հեքիաթների անուններ շատ տվեցին այստեղ, սակայն գիտակցում ենք, որ հասարակությունը չի կարող զրկվել հույսերից: Ձեր նշանակմամբ հասարակության մեջ հույսեր են առաջացել. ձեր նշանակած նախարարների պարկեշտությանը չենք կասկածում, դրա համար ձեռնպահ կմնամ դեռ»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր կողմից ավելացրեց, որ իրենք չեն կարող աջակցել իշխող կուսակցության որեւէ կառավարության, քանի որ նախորդ դեպքերը հույսեր չեն տվել. «Հիմա մեր անվստահությունն արտահայտում ենք՝  դեմ լինելով»: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ առաջին անգամն էր, որ ԱԺ-ում Կառավարության ծրագրի ներկայացումը բավականին հաղթական էր. «Նման ջերմ քննարկում դեռ չէր եղել: Դա գալիս էր նրանից, որ կա հավատ ապագայի նկատմամբ: Բավականին կառուցողական ծրագիր է՝ կարճ, կոնկրետ, փոքր ռիսկային, սակայն ընկալելի: Բավականին ծանր ծանրաձող է պատվիրված, սակայն այդ արգելքը միասնական ենք հաղթահարելու»: Իր եզրափակիչ ելույթում վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ կային ելույթներ, որոնք ընդունելի էին, սակայն կային նաեւ ելույթներ, որոնք իր տրամաբանությունից դուրս էին: Նա կոնկրետ անդրադարձավ բոլոր խմբակցությունների ելույթներին: Խոսքն ուղղելով ՀԱԿ խմբակցությանը՝ վարչապետը նշեց, որ պատրաստ է նրանց հետ քննարկումներ ունենալ, եթե լինեն կոնկրետ առաջարկներ: Իսկ երբ դիմեց ԲՀԿ խմբակցությանը, ակամայից լեզվի սայթաքում ունեցավ. «Ինչ վերաբերում է... Բարգավաճ-հանրապետական կուսակցության առաջարկներին.... Ներողություն, հաստատ դիտավորյալ չէր»: Դահլիճը պայթեց ծիծաղից: Վարչապետը բոլորին կոչ արեց մաքսիմալ կիրառական-պրագմատիկ խորհուրդներ տալ՝ հասկանալու համար՝ ինչ անել. «Շնորհակալություն ՀՅԴ-ին, ՀՀԿ-ին՝  աջակցության համար, գնահատում ենք այն շտանգան, որ բարձրացնելու ենք: Քաղաքացիական դիրքորոշումը որ ակտիվ պահենք, հաստատ հաջողություն կունենանք»: ԱԺ արտահերթ նիստն ավարտվեց: