Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռերի» գործողությունից հետո օմբուդսմենը խնդիրներ է հայտնաբերել (տեսանյութ)

Քաղաքականություն
QvtKQ0JyRys

«Սասնա ծռերի» կողմից Էրեբունու ՊՊԾ գնդի գրավումից հետո կազմակերպված զանգվածային հավաքների ժամանակ մարդու իրավունքների ասպարեզում խնդիրներ է հայտնաբերել ՄԻՊ գրասենյակը։ Օմբուդսմենը դիմել է Սահմանադրական դատարան. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը նույնիսկ հնարավորություն չի տալիս արդյունավետ վիճարկել և ազատ արձակվել, եթե այդ ազատությունից զրկելն ապօրինի է»։ Ըստ պարոն Թաթոյանի՝ կան չլուծված խնդիրներ, մասնավորապես՝ մարդու անձնական իրերը չեն վերադարձվում, տեղեկացնելու իրավունքը չի ապահովվում։ Նա պատրաստվում է անձամբ պաշտպանել իր դիմումը Սահմանադրական դատարանում։ Նիստի օրն էլ նշանակված է. «Վարչական իրավախախտման համար բերման ենթարկված, ձերբակալված անձինք պետք է օգտվեն երաշխիքներից։ Անկախ նրանից՝ անձը ձերբակալված է, թե կալանավորված, նա պետք է համարվի ազատությունից զրկված, պետք է լիարժեք ապահովվի փաստաբանի, բժշկի իրավունքը, ազատությունից զրկվելու պատճառներին տեղեկանալը։ Դա պետք է հաշվվի հենց փողոցից, երբ մարդուն տանում են ոստիկանության բաժին։ Երաշխիքների ողջ համալիրը պետք է ամենասկզբում կիրառվի»,- ասում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Օմբուդսմենը խոստացավ առաջիկայում անդրադառնալ Ընտրական նոր օրենսգրքի 141-րդ հոդվածի՝ այս պահին կիրառելիության հարցին։ Այն գործի էր դրվել Գյումրիի ավագանու ընտրության արդյունքների ամփոփման ժամանակ, ինչի արդյունքում քաղաքապետ հռչակվեց ՀՀԿ-ի թեկնածու Սամվել Բալասանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում