Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վայոց ձորի մասին էլեկտրոնային գիրք՝ նաև սմարթֆոնների համար (տեսանյութ)

Հասարակություն
vayoc

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը եւ Սմիթսոնյան ինստիտուտը «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում համատեղ հրատարակում են էլեկտրոնային մուլտիմեդիա գիրք՝ նվիրված Վայոց ձորին: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում կողմերը ստորագրեցին համապատասխան փաստաթուղթը՝ հույս հայտնելով, որ ծրագիրը կյանքի կկոչվի հաջորդ տարի: ՀԲԸՄ Հայաստանի նախագահ  Վազգեն Յակուբյանն իր խոսքում նշեց, որ ծրագիրն ուղղված է Հայաստանի զարգացմանը. «Երկար ենք քննարկել, թե ինչպես կարող ենք մեր ներուժը,  ցանցը օգտագործել ի նպաստ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը, անշուշտ, հավատարիմ մնալով մեր կազմակերպության սկզբունքներին, որն է՝ մեր ինքնության, պատմության եւ մշակույթի պահպանումն ու հզորացումը: Եվ մեր ընտրությունը կանգ առավ Հայաստանի առաջնահերթ ոլորտներից մեկի՝ զբոսաշրջության զարգացման վրա»,-ասաց նա: Ասուլիսին ներկա՝ ՀՎՀ հիմնադիր եւ նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Երվանդ Զորյանն էլ նշեց, որ, ամենայն հավանականությամբ, Վայոց ձորի մասին էլեկտրոնային գիրքը կթողարկվի հաջորդ տարվա գարնանը՝ մայիսին. «Մենք արդեն ունենք Երևանի մասին էլեկտրոնային գիրք, որը հասանելի է յոթ լեզուներով: Անշուշտ, այնպես կանենք, որ Վայոց ձորի մասին գիրքն էլ թարգմանվի հնարավորինս շատ լեզուներով»: Մուլտիմեդիա էլեկտրոնային գիրքը հասանելի կլինի սմարթֆոնների, պլանշետների եւ վեբ-բրաուզերների օգտատերերի համար: Այն թույլ կտա արագ գտնել եւ  ինֆորմացիա ստանալ Վայոց ձորի տեսարժան վայրերի, պատմա-մշակութային հուշարձանների վերաբերյալ: Կողմերը նշեցին, որ ծրագիրը շարունակական է լինելու՝ ընդգրկելով ՀՀ այլ մարզեր եւս: