Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուշադիր եղեք՝ ձեր նախորդները ձախողել են սեփական թիմի պատճառով». Արամ Մանուկյանը՝ վարչապետին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
arammanukyan-1

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում Գործադիր մարմնի ծրագրի քննարկմանն իր ելույթում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ ուսումնասիրել է նախորդ վարչապետերի ծրագրերը. «Այժմ կներկայացնեմ մի քանի մարգարիտներ: Պարոն Կարապետյան, եթե չվերանայենք  նախորդների ձախողումները, չենք ունենա հաղթանակներ: Դրա համար վարչապետը մեղավոր չէ, այլ կառավարող ուժը: Բերեմ Հովիկ Աբրահամյանի ծրագրից մի քանի հատված. գրված է՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար այն պետք է լինի ոչ միայն երկրի սահմաններում, այլ խաղաղությունը տարածենք նաեւ  անդին: Պետք է ունենանք արդար դատական համակարգ, բիզնես միջավայրի բարելավում: Սիրուն է, չէ՞: Խաղողագործության խթանում, անցած տարի տեսանք՝ ինչպես են խթանում: Պետք է բեռնաթափել Երեւանը, մինչդեռ այսօր հանրապետության կեսը ապրում է այստեղ: Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի ավարտ՝ մինչ օրս չկա նման բան: Ջրամբարների կառուցում, եղե՞լ է, չի եղել: Վերացնելու էին աղքատության ստեղծման պատճառները, վերացրե՞լ են: Առաջին դասարանցիներին տրամադրել համակարգիչներ: Ստուգե՞լ եք, արվե՞լ է այդ ծրագիրը: Մեջբերեմ նաեւ ծրագրից այս միտքը՝ «ամեն բացվող առավոտ պիտի տարբերվի մյուսներից»: Սա ամենակարեւոր տողն էր»: Պարոն Մանուկյանը մեջբերեք եւս մի քանի զավեշտալի օրինակներ նախորդ կառավարության ծրագրից. «Նոր արբանյակի թռցնել՝ էդ արբանյակը թռցրի՞ք: Բառերի կույտեր, ինչքան ուզեք: Այսպիսի ծրագիր գրողին, գործից կհանեի՝ մի էջի մեջ տասնհինգից քսան «բարելավել, աջակցել» բառեր: Չի կարելի այսքան լոլո գրել: Կարեն Կարապետյան, իսկ ձեր ծրագրի մեջ մի քիչ կոմունիզմի հոտ է գալիս. Ասում եք՝  պետծառայողի կերպարի արմատական փոփոխություն պիտի արվի: Ձեր ամենամեծ մարտահրավերը մարդն է, որը ծրագրում բացակայում է: Այս ծրագիրը չի աշխատի, եթե չկա թիրախը՝ մարդը: Կարճ խորհուրդ ձեզ, ուշադիր եղեք՝ ձեր նախորդները ձախողել են սեփական թիմի պատճառով, քանի որ նրանք կեսից իրենց անհատական խնդիրներ են սկսում լուծել: Կարմիր գծերից եք խոսում, բայց դուք ձեր կարմիր գծերն եք բերել ԱԺ՝ լրագրողներից մի խուսափեք»: Նրա ելույթի ժամանակը լրացավ, բարձրախոսն անջատեցին: Այդ պահին Արամ Մանուկյանը ձեւակերպում էր կառավարությանն ուղղված իր բարեմաղթանքները: «Մի հատ էլ ջուր խմեք, նոր ասեք, պարոն Մանուկյան: Փաստորեն, հենց գործը հասավ լավին, էլ չեք ասում»,- արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: