Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնտեսական վիճակը կարելի է ողբալի համարել. Բագրատ Ասատրյան (տեսանյութ)

Քաղաքականություն
qnnarkum-nkar

Պետական գնումների գործընթացում կոռուպցիան  կառավարությունը  գնահատել է 20%։ Տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշում է. «Հարկատուները վճարել են 20% մի բանի համար, որ էլ պետք չի մեզ, նշանակում է, որ այստեղ կա անարդյունավետություն և սրանից ածանցելով կարելի է ասել, որ առնվազն 20% ստվեր միայն պետական բյուջեում ֆիքսված կա»։ «Ժողովրդավարության Ազգային Պլատֆորմի» տնտեսական խորհրդաժողովում ներկայացվում են Հայաստանի տնտեսության ամենամռայլ կողմերը։ «Մենք մոտենում ենք այն վիճակին, որը կարելի է ողբալի համարել։ Տարեկան բնակչության 2%-ը թողնում է Հայաստանից հեռանում»,- ասում է Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։ ԵՏՄ-ին անդամակցությունն էլ մեր տնտեսությունը չկենդանացրեց։ «ԵԱՏՄ-ի մասնակցությունը առ այսօր մեզ, բացի խոստումներից այլ բան չի տվել։ ԵԱՏՄ-ն քաղաքական նախագիծ է, որտեղ առաջնայինը Ռուսաստանի ռազմատենչությունն է»,- ասում է նա։ Ընդհանրապես՝ ԿԲ նախկին նախագահը վերջին երկու  տասնամյակները  մեր տնտեսության համար  համարում է կորած, տնտեսական սխալ՝  քաղաքականության հետեւանքով։ «Կարծես պահն է, որ ավելի սթափ գնահատականներ տրվեն այն ամենին, ինչ որ կատարվել է և փորձել տեղաշարժել»։ Տնտեսությունը  զարգացնելու  համար,  երեկ  վարչապետ Կարեն Կարապետյանին առաջարկ էր արել  Առաջին նախագահը։ Որպես լուծում Լևոն Տեր-Պետրոսյանը տեսնում է ՄԱԿ-ի Հակակոռուպցիոն կոնվենցիան վավերացնումն ու պետական գերատեսչությունների արտաբյուջետային հաշիվներն ու հիմնադրամները վերացնելը։ «Առաջարկներից մեկը ինչ-որ չափով արդեն ընդգրկված է կառավարության ծրագրի մեջ՝ կապված ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի հետ։ Երկրորդ մասով դեռ որևէ տեղեկություն չունեմ»։ Լևոն Զուրաբյանը մտավախություն չունի, որ  ապօրինի հարստացման վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջը կյանքի չի կոչվի։ «Չեն կարող այդպիսի պաշտոնյաները օրենքի սրի տակով չանցնել։ Այդ օրենքի իմաստը հետևյալն է՝ անկախ նրանից, ինչ աղբյուրներով են ձեռք բերված այդ հարստությունները, եթե հայտնաբերվում է պաշտոնական հայտարարագրված եկամուտների և ձեռք բերված հարստության միջև անհամապատասխանություն, դա արդեն քրեական հանցանք է»։ Ըստ ՀԱԿ  պատգամավորի՝  ի վերջո,  պետական պաշտոնյաները չեն կարող երկար թաքցնել իրենց ունեցվածքը։ Բազմաթիվ փաստեր կան։