Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Դատարանի որոշումը կարող է նախադեպ դառնալ (տեսանյութ)

Հասարակություն
artur-mkrtchyan

Եթե դատարանը բավարարի ցմահ դատապարտյալ  Արթուր Մկրտչյանի հայցը , այն կարող է նախադեպ դառնալ։ Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում բողոքարկվում է «Նուբարաշեն» ՔՀԿ-ի՝ Արթուր Մկրտչյանին վաղաժամկետ ազատ չարձակելու  որոշումը: «Այն, որ մեր բողոքը հիմնավոր է, նրա մասին է խոսում, որ որոշումը չունի պատճառական մաս: Անհիմն է եւ չեն հիմնավորում, թե ինչու չպետք է վաղաժամկետ ազատ արձակվի: Բայց, արդյո՞ք դատական համակարգը կարող է լինել այնքան անկախ, որ ինքը ինքնուրույնություն դրսեւորի եւ բավարարի բողոքը:  Նման գործերը մի քիչ ի ցույց են դնում  նաեւ դատարանի անկախ լինելու հանգամանքը»,- «Ա1+»-ին ասաց Արթուր Մկրտչյանի պաշտպան Ռոբերտ Ռեւազյանը: Այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 28-ը, քանի որ դատախազը չէր ներկայացել դատարան:  Արթուր Մկրտչյանը ցմահ ազատազրկման է  դատապարտվել 19 տարեկան հասակում՝  5 համածառայակիցների սպանության մեղադրանքով, որը չի ընդունել։ «Սպանությունը տարբեր զենքերից է կատարված: Մի քիչ ողջամիտ չէ, որ մի անձը հանկարծ մի քանի զենք կիրառի  սպանությունները կատարելու համար:  Եւ նման ծանր արարքները բարդել մեկ անձի վրա, դա չի տեղավորվում իրավական հասկացության մեջ»,- ավելացնում է Ռոբերտ Ռեւազյանը: Դատարանում Արթուր Մկրտչյանը   պնդել է, որ սպանությունը կատարել են անծանոթ մարդիկ, որոնք այդ օրը եղել են Կոթիի զորամասի հենակետում, իսկ նախաքննության ընթացքում ինքնախոստովանական ցուցմունքները կորզվել են խոշտանգման միջոցով: Կյանքի կեսը կալանավայրում անցկացնելուց հետո, Արթուր Մկրտչյանը նաեւ առողջական խնդիրներ է ձեռք բերել : «Հայմորիտ է, աշխատում ենք ամեն ձեւով, որ առողջականը պահենք, մինչեւ տեսնենք ինչ է լինում»,- ասաց  կալանավորի մայրը՝ Ջավահիր Մկրտչյանը: Արթուր Մկրտչյանի ծնողները հույսը չեն կորցնում, որ մի օր կապացուցվի իրենց որդու անմեղությունը։