Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր նախարարը կվերացնի մեքենաների ձևական տեխզննումները (տեսանյութ)

Հասարակություն
naxarar

«Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կանոնակարգմանն ուղղված օրինագիծը լիովին թույլ չի տա խուսափել վթարներից, քանի որ պետք է ամբողջ հասարակությունն աշխատի այդ ուղղությամբ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով վերջին օրերի խոշոր վթարներին, ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ  տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: «Մենք կփորձենք, իհարկե, ավելի արագացնել օրենքի ընդունումը, բայց, եկեք ճիշտ հասկանանք՝ միայն օրենք փոխելով հարցը չի լուծվի, որովհետեւ գործ ունենք կոնկրետ մարդկանց հետ, ավտոբուսի վարորդի հետ: Ամբողջ հասարակությունը պետք է աշխատի նրանց հետ»,-նշեց Մարտիրոսյանը: Նա անդրադարձավ նաեւ Բեսլանի մոտակայքում Մոսկվա­-Երևան ավտոբուսի վթարին՝ նշելով, որ փոխհատուցում նախատեսված չէ, բայց օգնություն տուժածներին կտրամադրեն, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչպես եւ ինչ տեսակի: Ասուլիսին ներկա՝ նախարարի տեղակալ Արամ Արսենյանն էլ նշեց, որ օրենքով փորձելու են վերահսկել, որ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն իսկապես լինեն ոչ կանոնավոր, այսինքն՝ դա կատարվի միայն պատվերով, պայմանագրի առկայության դեպքում: «Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները վերահսկվում են փոխադրողի եւ պատվիրատուի կողմից, իսկ մենք իրականացնում ենք սահմանափակ վերահսկողություն, իսկ կանոնավորի դեպքում լիովին ունենք վերահսկողություն»: Անդրադառնալով Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարին՝ Արսենյանը նշեց, որ դուրս է եկել այն վարկածը, թե բեռնատարը, որին բախվել է ավտոբուսը, սխալ տեղ է կայանված եղել: «Վթարի այլ պատճառ առայժմ չեմ կարող հաղորդել, դա կարող է լինել եւ մեքենայի անսարքությունը, եւ մարդկային գործոնը, եւ վարորդի առողջական վիճակը»: Ի դեպ, խոսելով վարորդների առողջական վիճակի մասին, փոխնախարարը նշեց, որ օրենքով վարորդները բուժզննում են անցնում միայն հիվանդության առկայության դեպքում, սակայն ԱԺ ներկայացված օրինագծով ցանկանում են այնպես անել, որ բոլոր վարորդները, անկախ հիվանդության առկայությունից, պարտադիր բուժզննում անցնեն ղեկին նստելուց առաջ: «Բացի սա, ուզում ենք բացառել ձևական տեխզննումների փաստը: Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ շատ հաճախ վարորդները ձեւական ձեռք են բերում տեխզնման թուղթը: Մենք ուզում ենք այնպես անել, որ այլեւս մարդկանց կողմից դա չվերահսկվի, այլ համակարգի: Ուզում ենք անցնել էլեկտրոնային համակարգի, վերացնենք ընդհանրապես տեխզննման կտրոն հասկացությունը»: Արամ Արսենյանը հավելեց, որ այժմ միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող 16 ընկերություն կա, մնացածը գործում են ոչ կանոնավորների անվան տակ: