Մասոնական հավա՞ք, թե՞ բարեգործական ընթրիք (տեսանյութ)
Հատուկ հյուրերը հագուստին նախ կրծքանշան են ամրացնում, ապա ներկայանում փակ հանդիսության։ Հայաստանցիներից բացի, այստեղ են նաև օտարերկրյա բարձրաստիճան դիվանագետներ, հյուրեր աշխարհի տարբեր ծայրերից։ Նրանք են նշելու հայաստանյան «Ռոտարի» ակումբի 20-ամյակը։ «20 տարի առաջ ես ու Գուրգեն Վարդանյանը Ֆրանսիայի հոգեբանների հետ բանակցելուց հետո որոշեցինք սկսել շարժումը։ Հավաքեցինք խումբ, որը սկսեց սովորել Ռոտարիի այբուբենը։ Դա նշանակում է՝ ոնց մենք պետք է պահենք, գումարները ոնց հավաքենք»,- պատմում է կազմակերպության երևանյան ակումբի հիմնադիր Ահարոն Ադիբեկյանը։ Հայաստանում գործում է «Ռոտարի» 4 ակումբ, մեկը՝ Գյումրիում, երեքը՝ Երևանում։ Միջազգային կազմակերպության հայաստանյան ճյուղին անդամակցում են հիմնականում բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։ «Անդամների շարքերում են ապահովագրական մեծ ընկերության նախագահ Արթուր Յախշիբեկյանը, Բիոտիկայի եվրոպական հանձնաժողովի հայկական կենտրոնի տնօրեն Իգոր Մադոյանը, նաև՝ ես»,- ասում է պարոն Ադիբեկյանը։ Երեւանյան ակումբի հիմնադրի խոսքով՝ այստեղ գալիս են բարի գործ անել ցանկացողները։ «Այս տարիներին այս խողովակով Հայաստան մտել է մի քանի միլիոն դոլարի օգնություն՝ շտապօգնության մեքենաներ ենք բերել, վերանորոգել ենք մանկապարտեզներ, ջրատարներ ենք կառուցել»։ «Ռոտարին» հարկեր չի վճարում, քանի որ համարվում է բարեգործական կազմակերպություն։ Պարոն Ադիբեկյանի վստահեցմամբ՝ իրենք քաղաքական նպատակներ չունեն, բացակայում է նաև քաղաքական ուղեգիծը։ Սակայն այսպիսի կազմակերպություններին ընդունված է «մասոնական օթյակ» անունը տալ։ «Դա սխալ է, քանի որ մասոնները փակ են, մենք՝ բաց ենք։ Մեր անուն-ազգանունները, հասցեները ինտերնետում կա։ Մենք հանդիպում ենք շաբաթը մեկ անգամ, սովորաբար՝ ռեստորաններում, դա բաց է։ Նախանձախնդիր մարդիկ փորձում են մեզ վարկաբեկել»։ 2002 թվականից Երևանի Ռոտարի ակումբի անդամ է Գեղամ Մինասյանը։ Բարեգործություն անելու մեծ ցանկությունը նա կարողացել է դրսևորել հենց այս կազմակերպության միջոցով։ «Հաճելի է բարեգործություն անելը մեր երկրում, որովհետև ժողովուրդը դրա կարիքը ունի»,- ասում է նա։ «Ռոտարի» շարժումը սկսվել է 1905 թվականին՝ Չիկագոյում իրավաբան Պոլ Հարիսի կողմից։ Հայաստանը այդ շարժմանը սկսել է մասնակցել 1991 թվականից, սակայն «Ռոտարի» ինտերնացիոնալի կողմից պաշտոնապես ճանաչվել է 1996 թվականին: Այսօր միջազգային ռոտարական շարժման մաս են կազմում ավելի քան 1.2 միլիոն մարդիկ, որոնք ընդգրկված են 166 երկրներում գործող 33.000 ակումբներում: