Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օդնոկլասնիկներով մարդ են ման գալիս՝ կառավարություն կազմելու համար» (տեսանյութ)

Քաղաքականություն
d16355ee1ea37bfa9f62e8b7f33efb7b

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր շարունակվեցին ԸՕ-ում նոր փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումները: ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն իր ելույթում անդրադարձավ Գյումրիում անցկացված ՏԻՄ ընտրություններին, որին իր կուսակցությունը եւս մասնակցել է, եւ ինքն էլ գլխավորել է նախընտրական ցուցակը: Նրան վրդովեցրել էր ընտրությունների, ապա՝ ավագանու առաջին նիստի արդյունքները, երբ բոնուսների հաշվին Գյումրու քաղաքապետ վերընտրվեց Սամվել Բալասանյանը. «Մարդիկ լինում են նողկալի եւ առաքինի, մենք պաշտպանված չենք. չէի կարող պատկերացնել, որ ՏԻՄ ընտրություններից րոպեներ առաջ կարող էին նման լկտի ձեւով զրպարտել ինձ: Այդ մարդիկ պիտի պատասխան տան դատարանում ու դրամական տույժ կրեն: Արդեն սկսվել է այդ գործընթացը, ու շուտով ականատեսը կլինեք այդ դատավարության»: Նրան զարմացնում է բոնուսների հաշվարկը. «Դպրոցում հիշում եմ՝ պարզ թվաբանություն էինք անցնում, մեկը կար, չէր կարողանում տարրական հաշվարկն անել, ուսուցչուհին անընդհատ նկատողություն էր անում: Հիմա այդ տրամաբանությամբ այս նոր ԸՕ-ով հաշվեցին ու բաշխեցին ձայները, ընտրեցին մի քաղաքապետի: Այդպես չի լինում: Էլ բան չգտանք, հիմա էլ սա ենք մոգոնել՝ վերարտադրվելու համար: Եթե մինչ օրս շաբաթական երկու ավտոբուսով էին հեռանում գյումրեցիները, հիմա շատանալու են, քանի որ չկա արդարություն: Ես վստահեցնում եմ՝ Գյումրին լինելու է նախադեպ պայքարի, ու օրենքով թույլ տված բոլոր միջոցներով մենք պայքարելու ենք, որ տեր կանգնենք մեր քվեին: Հոգեւորականները մեկնաբանում են՝ ի՞նչ է մահը, դա  նշանակում է մարդ՝ առանց հոգու: Հիմա մահացած է այս ԸՕ-ն, քանի որ Սահմանադրության ոգին այստեղ չկա: Ապրիլին այս ուխտը ձեր բոլորի դռներին չոքելու է: Գալու է ժամանակը, որ բոլորդ միանալու եք այս պայքարին»: Իսկ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն, անդրադառնալով իշխանության կողմից Կառավարության ձեւավորմանը, նկարագրեց, թե ինչպես է այն ձեւավորվել. «Զանգերը կապել, օդնոկլասնիկներով մարդ են ման գալիս՝ կառավարություն կազմելու համար»: