Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ում գործազուրկների մեծ մասը ճարտարագետներն են, մանկավարժներն ու տնտեսագետները

Տնտեսություն
ashxatanq

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ այսօր Երևանում անցկացվեց բացօթյա տոնավաճառ, որին մասնակցեցին 67 գործատու՝ աշխատանք փնտրողներին առաջարկելով 815 առկա թափուր աշխատատեղ: «Ա1+ »-ի հետ զրույցում Զբաղվածության պետական գործակալության ղեկավար Արտակ Մանգասարյանը նշեց, որ աշխատանքի տոնավաճառներ իրենք անցկացնում են 2007 թվականից սկսած, իսկ այսօրվա տոնավաճառն այս տարվա թվով 10-րդ միջոցառումն է: Մանգասարյանի խոսքով՝ տարեցտարի ավելանում է աշխատանքի տոնավաճառի նկատմամբ մարդկանց հետաքրքրվածությունը: «Ուրիշ բան է աշխատանք փնտրողներին ուղղորդել հիմնարկներ,  կադրերի բաժիններ կամ հեռախոսով հարցուփորձ անել, ուրիշ բան է , որ տեղում գործատուներն ու աշխատանք փնտրողները հանդիպում են»,-նշեց նա: Մանգասարյանի խոսքով՝ գործակալությունը հետևում է, թե ինչ արդյունքներ են ունենում տոնավաճառները, որից հետո ներկայացված թափուր աշխատատեղերի 60 տոկոսը սպառվում է: Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ մի օր նմանատիպ տոնավաճառների անցկացման անհրաժեշտություն այլեւս չլինի, Մանգասարյանը պատասխանեց, թե հույսեր ունի, որ այդպես կլինի, բայց նաեւ հավելեց, որ ինքը դեմ չէ աշխատանքի տոնավաճառներին: «Իսկ ինչու ոչ՝ գեղեցիկ միջոցառում է, ի՞նչ վատ կլիներ, եթե գոնե փոքր՝ 50 աշխատատեղ ներկայացված լիներ, եւ այդ 50-ն էլ գտնեին իրենց աշխատողներին»: Երևանում  2016 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ գրանցված աշխատանք փնտրողների թիվը կազմում  է 16336 մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4,5 տոկոսով: Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում  է գործազուրկների թվի 74,8 տոկոսը կամ 10016 մարդ: Գործազուրկների շրջանում մեծ թիվ են կազմում ճարտարագետները, մանկավարժները, տնտեսագետները, բուժքույրերը, վարորդները, սպասարկման ոլորտի մասնագետները: Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 2271 աշխատանք փնտրող: