Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանը՝ Պետո Պողոսյանի կտավներում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ
nkarich-PetoPogosyan

Հայաստանի մայրաքաղաքը  իր  գույներով ու տրամադրությամբ  ժամանակ առ ժամանակ հայտնվում է նկարիչ Պետո Պողոսյանի կտավներում։ Կոլորիտային  Գյումրիում ծնված լինելը օգնում  է նրան նկատել Երեւանի  յուրահատկությունները։ «Երևանը որպես այդպիսին մի շարք դրսևորումներ ունի, ամեն ժամ, մարդու ամեն տրամադրություն փոխանցվում է քաղաքին։ Դա կապված է նաև շենքերի հետ՝ վերացող ու նոր շենքերի, այդ ամեն ինչը փոխում է քաղաքը»,- ասում է Պետոն։ Նկարիչը հասկացել է՝  մարդկանց տրամադրությունը փոխանցվում է քաղաքին, հենց այդպես էլ ձևավորում է Երևանի տեսքն ու բովանդակությունը։ Նրա կտավները հենց այդ թեմաներով են։ «Ես ուզում եմ ներքին լարումը փոխանցել, էն հասարակ առարկաների, որոնք միասին հատուկ հետաքրքիր դրվագ ու պատմություն են տալիս։ Դա ինչ-որ մի փոքր պատմություն է, փոքր կյանքի կադր է»,- նկարիչն այս կերպ է մեկնաբանում։ Մայրաքաղաքին սեր խոստովանում են գրեթե բոլորը՝ չխնայելով և ոչ մի բառ։ Սակայն երբեմն խոսքը գործի տեսք չի ստանում։ «Դա շատ պարզ բան է իրականում, ուշադիր լինել մեկը մյուսի նկատմամբ, չկեղտոտել, լավ վերաբերվել»։ Պետոն ամեն անգամ ծանր է տանում, երբ տեսնում է Հին Երևանի հերթական քանդված շենքը։ Ժամանակակից քաղաքը չի կարող չկրել նորարարությունների շունչը, սակայն դա պետք է չլինի հին շենքերից ազատվելու հաշվին։ Պետոն նշում է. «Ժամանակակից քաղաքը ունի իր կարմիր կրպակը, որը ոչ մի ձև չի սազում և շատ էսթետիկ, գեղեցիկ մի շինություն։ Դա ժամանակակից քաղաքն է, ինքն այդպիսին է, ինքը հակադրություններով է, բայց կա քաղաքին միջամտելու հստակ չափ, այդ չափը պետք է ինչ-որ ձև պահել»։ Ի դեպ, Պետո Պողոսյանի՝  ջրաներկով ստեղծված  նկարները  համադրելով՝ կարելի է պատկերացում կազմել, թե ինչպես է փոխվում Երեւանի տրամադրությունը։