Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փողերի խոշոր լվացում Հայաստանում՝ ռուս գործարարների մասնակցությամբ (տեսանյութ)

Քաղաքականություն
mediakentron2-1

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպովի որդի Վիկտոր Տեր-Հովսեփյանը եւ ռուս գործարարները Հայաստանում փողերի լվացման մի մեծ գործընթաց են իրականացրել, որը, չգիտես ինչու, վրիպել է իրավապահ մարմինների ուշադրությունից: Այսօր Մեդիա Կենտրոնում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ու «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանը ներկայացրին գործի մանրամասները: Հատկանշական է, որ Մարինա Պողոսյանին իր իբրեւ թե ոտնահարված իրավունքները վերականգնելու համար 2014 թվականին դիմել է ռուս գործարար Ալեքսեյ Կորեպանովը, սակայն տիկին Պողոսյանը, ուսումնասիրելով գործը, հասկացել է, որ Կորեպանովը ոչ թե տուժող կողմ է, այլ խարդախության մասնակից: Ավելին, երբ Մարինա Պողոսյանը հանցագործության մասին հաղորդում է տվել, նրա հանդեպ քրեական հետապնդում է սկսվել: Բանն այն է, որ 2005-2007 թվականներին երեք ռուս գործարարներ՝  Ալեքսեյ Կորեպանովը, Դմիտրի Աֆոնինը եւ Դմիտրի Կոտովը, խոշոր գումարներ են ներդրել Հայաստանում հողեր գնելու համար եւ պայմանագրեր կնքել Սուրեն Օսիպովի կնոջ՝ Լյուբով Փիլոյանի եւ նրա որդու՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանի հետ: Արթուր Սաքունցի խոսքով՝ գործարարները, ամենայն հավանականությամբ, որոշել են դիմել իրավապաշտպաններին իրենց միջանձնային տարաձայնությունները լուծելու համար՝ ամենեւին չպատկերացնելով, որ գործն այլ ընթացք կստանա: Մարինա Պողոսյանի խոսքով՝ 2015 թվականին խարդախության փաստով քրգործ է հարուցվել, սակայն մինչ օրս քննչական որեւէ գործողություն այդ առնչությամբ չի կատարվել: Տիկին Պողոսյանը նշեց, որ 2005 թվականին Ալեքսեյ Կարիպանովը եւ Լյուբով Փիլոյանը հիմնում են մի կազմակերպություն, որը շինաշխատանքներով պետք է զբաղվեր: 2006-2007 թթ. սկսվում է հողերի գնման գործընթացը: «2006 թվականի մարտից մինչեւ նոյեմբեր, այսինքն՝   հինգ ամսվա մեջ ՀՀ մուտք է գործում 1 միլիոն 620 հազար ԱՄՆ դոլար: Բոլոր գործարքները միջնորդավորված են արել՝ օֆշորային անհայտ կազմակերպությունների միջոցով, հենց դա մեզ մոտ կասկած առաջացրեց»,-նշեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ նույն հողակտորն անընդհատ միավորել անջատել են եւ վաճառել: Իրավապաշտպաններին անհանգստացնում է ոչ այնքան ռուս գործարարների եւ Օսիպովի ընտանիքի հանցավոր համաձայնությունը, այլ ՀՀ իրավապահ մարմինների անտարբերությունը: Ավելին, նրանք կասկածում են, որ վերջիններս նույնպես մասնակցություն են ունեցել փողերի լվացման գործընթացում. «ԱԱԾ-ն բոլոր բանկերում ունի ներկայացուցիչներ: Դուք գիտեք, թե որքան դժվար է մեծ գումարներ կանխիկացնելը: Բայց այս մարդիկ հազարավոր դոլարներ են կանխիկացրել եւ, հատկանշական է՝ ռուս-ադրբեջանական՝ VTB բանկի միջոցով, եւ դա ԱԱԾ աշխատակիցները չե՞ն տեսել: Բայց ԱԱԾ-ն, մենք ունենք նաեւ Կենտրոնական բանկ ու դրան կից ֆինանսական դիտարկումների կենտրոն, որը փողերի լվացման եւ ահաբեկչության դեմ պայքարով պետք է զբաղվի: Որտե՞ղ են եղել դրանք այս գործարքների ժամանակ: Նաեւ Հարկային մարմինն է թերի գործել, կադաստրը, որովհետեւ այդ հողերը պատահական հողեր չեն՝ Կասկադի տարածքի հողերն են: Դրանք , փաստորեն, օտարերկրյա քաղաքացիների են օտարվել, ինչը հակասում է մեր Սահմանադրությանը, իսկ կադաստրը լռել է»,-նշեց Մարինա Պողոսյանը: Իրավապաշտպանները հավելեցին, որ հետամուտ են լինելու գործի բացահայտմանը: