Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ-ն ուսումնասիրում է ՏԻՄ ընտրությունների մասին զեկույցները (տեսանյութ)

Քաղաքականություն
em

Եվրոպական միությունը ուսումնասիրում է  հայաստանյան  ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ դիտորդական կազմակերպությունների զեկույցները։ Արձանագրված փաստերն ընդունվել են ի գիտություն։ «ԵՄ- ԵԽ» ծրագրային համագործակցությամբ Հայաստանին տրամադրվող գումարները կախված են նաեւ ընտրությունների  որակից։ «Հայաստանի հետ գործողությունների ծրագրի հաջորդ փուլը պետք է հաստատվի 2017 թվականի կեսերի։ Բայց մինչ այդ Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են, դրա անցկացման որակը չափազանց կարևոր է լինելու Հայաստանի հետ համագործակցության առումով»,- ասում է Հայաստանում ԵՄ պատվիրակության խորհրդական, քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը։ 3 տարվա ընթացքում 2.2 միլիոն եվրո է տրամադրվում  Հայաստանին՝  արդարադատական համակարգը, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը, բանտային պայմաններն ու ընտրական գործընթացները բարելավելու համար։ Դիրկ Լորենցը տեղյակ է նաեւ ՊՊԾ շենքի գրավմանը հաջորդած  կալանավորման դեպքերին։ Դիրկ Լորենցը նշում է. «Առանձին դեպքերի քննությունը Հայաստանի իշխանությունների գործն է, չենք կարող դրանց վերաբերյալ մեկնաբանություն անել։ Մի բան հստակ է՝ պետք է պահպանվի արդար դատաքննության իրավունքը և նախնական կալանքն  էլ համահունչ լինի»։ Սա խնդիր է համարում նաև Արդարադատության նախարարության ներկայացուցիչը։ Եվրոպական կառույցների  աջակցությամբ առաջիկայում հստակ քայլեր կարվեն։ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշում է. «Այլընտրանք իրավական համակարգը չունի։ Քրեական դատավարության օրենսգրում խափանման նոր միջոցներ ենք փորձում ներդնել, դա տնային կալանքն է և վարչական հսկողությունը, ավելին ասեմ՝ արդեն սարքերը բերել ենք և փորձակում ենք»։ Սասնա ծռեր խմբավորման անդամների փաստաբանները հատկապես  բարձրաձայնեցին բանտային առողջապահության ոչ բավարար լինելու մասին։ Սուրեն Քրմոյանը մեկնաբանում է. «Մինչև տարեվերջ կամ ամենաուշը հունվար-փետրվար ամիսներին մենք բոլոր քրեակատարողական հիմնարկներում կունենանք գերհագեցած առողջության առաջնային պահպանման ծառայություններ՝ սարքավորումներ, կադրեր»։ Եվրամիության և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները Հայաստանի կառավարության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ մեկ սեղանի շուրջ քննարկեցին Ծրագրային համագործակցության կառուցակարգի ընթացիկ արդյունքները։ Եվրոպական կառույցների աջակցությամբ իրականացվող ծրագիրն սկսվել է 2015 թվականի մարտի մեկին  և կտևի մինչև  2017-ի փետրվարը։