Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավագ հովիվների հայտարարությունը՝ ՀՎԿ թեկնածուի հետ կապված միջադեպի առնչությամբ

Քաղաքականություն
Untitledhgfc

Հայ ավետարանական ընտանիքի եկեղեցիների համագործակցության ավագ հովիվների միասնական հայտարարություն Մենք՝ Հայ ավետարանական ընտանիքի եկեղեցիների համագործակցության առաջնորդներս, մեր խոր մտահոգությունն ու վրդովմունքն ենք հայտնում հոկտեմբերի 4-ին Վանաձորում տեղի ունեցած անմարդկային բռնության միջադեպի առիթով: Ինչպես հայտնի է մամուլի հրապարակումներից, երեկ Ավագանու ընտրությունների «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածու Արկադի Փելեշյանն իրեն ուղեկցող մի խումբ անձանց հետ միտումնավոր և ծրագրված կերպով ներխուժել է Վանաձորի ավետարանական հավատքի եկեղեցու աղոթատուն և դաժան ծեծի ենթարկել եկեղեցու ավագ հովիվ Ռաֆայել Գրիգորյանին՝ պատճառելով նրան բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Բռնարարքից հետո վերապատվելի Ռաֆայել Գրիգորյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրան ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն, իսկ ոստիկանությունը, հրապարակված տեղեկությունների համաձայն, հետախուզում է հայտարարել դեպքի վայրից հեռացած անձանց նկատմամբ: Խստագույնս դատապարտելով կատարվածը՝ մենք հորդորում ենք  հանրապետության բարձրագույն ղեկավարությանն ուշադրության կենտրոնում պահել այս աղաղակող միջադեպը, իսկ իրավապահ մարմիններից ակնկալում ենք օպերատիվ արձագանք: Մենք համոզված ենք, որ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, եթե ոչ քրեական հանցագործություն, ահաբեկման և բռնության միջոցով եկեղեցու վրա քաղաքական ճնշում գործադրելու դրսևորում, որը պետք է ստանա իր համարժեք գնահատականն ու պատասխանը ՀՀ արդարադատության համակարգի կողմից: Մենք տվյալ միջադեպը դիտարկում ենք հարձակում ոչ միայն կոնկրետ անձի, այլև Հայաստանի ողջ ավետարանական համայնքի դեմ՝ մեր համակողմանի զորակցությունն ու աջակցությունը հայտնելով վերապատվելի Ռաֆայել Գրիգորյանին, նրա ընտանիքին և Վանաձորի եկեղեցուն: Մենք հորդորում ենք զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրապարակվող տեղեկությունների հավաստիությունը ճշտել հարձակման զոհ դարձած ավետարանական հովվից (հեռ.՝ 099 595947): Լիահույս ենք, որ պատկան մարմինների պատասխանատու աշխատանքի շնորհիվ՝ միջադեպը կստանա օբյեկտիվ իրավական հանգուցալուծում:   Աղոթքով՝ Հայ ավետարանական ընտանիքի եկեղեցիների համագործակցության անունից՝   Գործող համակարգող՝ Վերապատվելի, դոկտ. Արթուր Սիմոնյան Վերապատվելի, դոկտ. Ռուբիկ Թումանյան Վերապատվելի, դոկտ. Լևոն Պարտագճյան Վերապատվելի Ռուբիկ Փահլևանյան