Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանն այցելել է Չինաստանի դեսպանություն

Պաշտոնական
chin

Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ, այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանություն: Նախագահը ՉԺՀ կազմավորման 67-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիեն Ըրլոնգին, դեսպանության անձնակազմին և ի դեմս նրանց՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին: Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին, որում, մասնավորապես, ասված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 67-րդ տարեդարձի կապակցությամբ: Մեծ գոհունակությամբ եմ նշում, որ Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված ավանդական բարեկամական հարաբերությունները վերջին ժամանակահատվածում հարաճուն զարգացում են ապրում: Տեսնում ենք, թե ինչպես քայլ առ քայլ կյանքի են կոչվում 2015 թվականին Չինաստան կատարած իմ պետական այցի ընթացքում մեր հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ հետագա բազմաթիվ բարձրաստիճան փոխայցելությունները նոր թափ են հաղորդում մեր հարաբերությունների առավել խորացմանը: Մեծարգո պարոն Նախագահ, պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել այսուհետ ավելի խորացնելու և ամրապնդելու մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններն ու փոխգործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների: Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն»: