Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչքան սպառազինություն ունենք, մեր ձեռքում է, ոչ թե ռուսների» (տեսանյութ)

Քաղաքականություն
iskander-1

«ՀՀ Անկախության 25-ամյակի զորահանդեսի ժամանակ «Իսկանդեր» հրթիռային համակարգի ցուցադրությունը աղմուկ բարձրացրեց ոչ միայն հարևան Ադրբեջանում, Վրաստանում, այլեւ ամբողջ աշխարհում՝ ընդհուպ անգամ Ինդոնեզիայում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը: Այն, որ Ադրբեջանը խուճապի մեջ է զորահանդեսից հետո, Վրթանեսյանի խոսքով, վկայում են ադրբեջանական մամուլում տեղ գտած հոդվածները, վերլուծությունները, հայտարարություններն ու հապճեպ արված զորավարժությունները: Մասնագետի խոսքով՝ զինտեխնիկայի ցուցադրությունը հակառակորդին նաեւ վախեցնելու նպատակ ունի, ինչպես նաեւ՝ քարոզչության: Պատասխանելով հարցին, թե անհրաժեշտության դեպքում հայկական կողմը կարո՞ղ է առանց իր ռազմական դաշնակցի օգտագործել «Իսկանդերը» (մամուլում հակառակի մասին լուրեր են շրջանառվում,-խմբ.), Կարեն Վրթանեսյանը նշեց. «Հիմնավորում էին, թե իբր ռուսներն են կառավարում, հատուկ կոդ կա եւ այլն: Այդպիսի բան չկա, դրանք հնարած պատկերացումներ են, ընդ որում՝ միջուկային զենքի մասին, քանի որ «Իսկանդերը» այդպես չի աշխատում:  Արդեն կան հայկական պատրաստված անձնակազմներ: Ինչքան սպառազինություն որ ունենք, մեր ձեռքում է՝ մեր հրամանատարության տակ»: Կարեն Վրթանեսյանը կարծում է, որ «Իսկանդերը» եւ սպառազինությունների մրցավազքը չեն կարող վերջնականապես լուծել Ղարաբաղի հիմնահարցը. «Ինձ միշտ հարցում են՝ Ադրբեջանն այս զենքն առավ, մենք՝ այն զենքն առանք, բա վերջը ի՞նչ է լինելու: Քանի դեռ մենք Ադրբեջանի եւ Թուրքիայի նման հարևաններ ունենք, ցավոք սրտի, սա վերջ չի ունենալու: Պետք է հասկանալ, որ ոչ մի գնում, ոչ մի սպառազինություն չի փոխելու իրավիճակն ընդմիշտ ի օգուտ մեզ: Միշտ էլ լինելու է, մեղմ ասած, մրցակցություն, լինելու են հավասարակշռությունը խախտելու փորձեր, ըստ այդմ՝ մենք պետք է անընդհատ զգոն լինենք եւ քայլեր ձեռնարկենք»,-եզրափակեց նա: