Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոխադարձ վիրավորանքներ. վիճում են Զ. Փոստանջյանն ու Գ. Ջհանգիրյանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
zaruhi

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովում այսօր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց իր հեղինակած «Մահացած զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու, դրանք բացահայտելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, քննության ողջամիտ ժամկետները պահպանելու նպատակով ԱԺ եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»: Իր ելույթում Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ սպասում էր գրավոր առաջարկների, որոնք այդպես էլ չի ստացել. «Կարծում եմ, որ նախագիծը պետք է  դնենք քննարկման ու քվեարկենք, եւ ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվի մինչեւ այս գումարման ԱԺ ավարտը: Մենք այլեւս ժամանակ չունենք: Ժամանակավոր հանձնաժողովը կարող է նպաստել շատ գործերի բացահայտմանը, քանի որ դրանք տարիներ շարունակ պտտվել են դատական ատյաններում, ու գրեթե բոլորը գտնվում են չբացահայտվածի կարգավիճակում: Դրա համար այլ մարմին՝ ի դեմս, օրինակ, ԱԺ-ի պետք է զբաղվի դրանով, մանավանդ իրավապահ մարմինները իրենց վերապահված գործառույթը չեն կարողացել իրականացնել»: ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյան, նրան հարց ուղղելով, հետաքրքրվեց, թե ո՞րն է տրամաբանությունը, որ Զարուհի Փոստանջյանը ցանկանում է հենց այս գումարման ԱԺ-ում հարցը քննարկել: «Հավանաբար, պարոն Մարտիրոսյան, դուք չեք լինի հաջորդ գումարման ԱԺ-ում, ես համոզված եմ դրանում ու լավ կլինի, դրա համար լավ կլինի, եթե ձեր պատգամավորական պարտքը կատարեք հիմա»,- արձագանքեց Զարուհի Փոստանջյանը: «Թե՞ մտավախություն ունեք, որ դուք չեք լինի հաջորդ ԱԺ-ում»,-նկատեց Լեւոն Մարտիրոսյանը: «Ես որտեղ էլ լինեմ, ես իմ գործառույթները պատշաճ կկատարեմ: Միգուցե ես էլ չեմ լինի, կարեւորը դուք չեք լինի, պարոն Մկրտչյան, դուք էլ(նրա խոսքն ուղղված էր ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանին, որը բավականին բացասաբար արտահայտվեց նրա նախագծի վերաբերյալ-խմբ. ) ես հատուկ վատ վերաբերմունք ունեմ ձեր նկատմամբ»,- հայտարարեց տիկին Փոստանջյանը: «Պարոն Մկրտչյանը ձեզ շատ է սրում, տիկին Փոստանջյան»,- արձագանքեց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը: «Ինձ պետք չէ սիրել»,- պատասխանեց Զարուհի Փոստանջյանը: Այնուհետեւ, Լեւոն Մարտիրոսյան կոչ արեց հետաձգել նախագծի քննարկումը: «Ոչ, միայն այլ ժամկետներ կարող եմ նշել՝ 2017թ. մարտ ամիս: Խնդրում եմ այսպես քվեարկել»: ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ ինքը անվերապահորեն աջակցում է այս նախաձեռնությանը. «Զոհվածնբերի մայրերը տարիներ շարունակ ակնկալում են հարցի քննարկում, լրացուցիչ լուծումներ: Սակայն մեր պանծալի խոսքերը զոհվածների հիշատակի վերաբերյալ չեն տեղավորում այս բովադակության մե: Բոլոր ներկաների սրտից արյուն է հոսում այդ կանանց ԱԺ մոտ տեսնելիս: Խնդրում եմ քվեարկել այս նախագիծը ԱԺ լիագումար նիստում»: Մեծ վիճաբանություն սկսվեց, երբ սկսեց կարծիք հայտնել ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը. «Հասկանալի է՝ ես այս գաղափարին կողմ եմ, հակառակը անբարոյական կլիներ իմ կողմից, սակայն նախագիծը արդեն երրորդ անգամ ենք քննարկում, իրավական տեսանկյունից որեւէ քննադատության չի ենթարկվում: Օրինակ՝ նախաքննությունը թափանցիկ չի կարող լինել, այն գաղտնի է: Թափանցիկ կարող է լինել շրջազգեստը, նույնիսկ ընտրությունները»: Զարուհի Փոստանջյանը չդիմացավ եւ արձագանքեց. «Դուք ձեր դիտողությունները կարող էիք ավելացնել նախագծում, ու կխնդրեի հիմա իրավական գնահատականներ չտալ, քանի որ ձեւակերպումը ճշգրիտ ընտրված է ու իրավական գիտելիքների մասին դասախոսություններ կարդալու տեղը չէ սա: Այս նախագծի գոյությունը նաեւ ձեր մեղավորությունն է, որ այսօր այս խնդիրն ունենք, քանի որ դուք եք տարիներ շարունակ կոծկել նման դեպքերը, դուք խոշտանգումների հեղինակ եք»: «Տիկնոջ վարքագիծը հայտնի է բոլորին, դրա համար ես կշարունակեմ: ես կոչ եմ արել, որ նա վերցներ մարտի մեկի վերաբերյալ ՀԱԿ նախագիծը՝ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ու այնտեղ ներառված խնդիրները, գործիքները օգտագործել: Նաեւ՝ մենք չենք պայմանավորվել, որ ես գրավոր առաջարկություններ պետք է անեի: Ես կողմ եմ գաղափարին, ուղղակի հարկավոր է այս փաստաթուղթը բերել իրավաբանական տեսքի, որ քվեարկելուց հետո, եթե հանձնաժողով ստեղծվի, այն կարողանա աշխատել»,- հայտարարեց Գագիկ Ջհանգիրյանը: Իր եզրափակիչ ելույթում Զարուհի Փոստանջյանը նախ արձագանքեց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի այն դիտողությանը, թե նրա նախագիծը դարակներում թողնված, փոշիների մեջ ընկած փաստաթուղթ է. «Պետք է ասեմ, որ այդ փոշին, որ դրվել է, դա ձեր տեղեկանքի վրա է դրվել, քանի որ տասնյակ տարիների է, քանի որ քննության առարկա չեն դարձել նշված գործերը, դրանց թվին է պատկանում նաեւ Ջհանգիրյանի օրոք տեղի ունեցած քրեական գործը, որը գնաց, պտտվեց դատարաններում ու այդ գործի վերաբերյալ Եվրադատարանը որոշում կայացրեց՝ ՀՀ-ին հիսուն հազար եվրո տուգանել: Հազարավոր նախագծեր եք բերել, որոնք խմբագրման կարիք ունեին, սակայն տարել եք ԱԺ լիագումար նիստ՝ քննարկման ու ձեւավորել ձեր ճաշակը թափանցիկ շորերի վերաբերյալ: Սա իմ անձնական նախաձեռնությունը չէ, այլ բխում է հանրության պահանջներից է: Մեր զինված ուժերը պետք է կարգի բերենք, որ մեր զինվորների կյանքի գնով չպաշտպանենք մեր հայրենիքը, որ չօգտագործենք ութսունականների զենք»: Արձագանքելով՝ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց. «Մենք ԱԺ նոր կանոնակարգի վրա ենք հիմա աշխատում, ես կոչ կանեմ որ այսուհետ, երբ պատգամավորը հերթագրվի հարց տալու համար, նախ հոգեկան հավասարակշռության մասին տեղեկանք ներկայացնի»: Նրա այս խոսքերի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը սկսեց ծափ տալ: «Ի գիտություն կընդունեմ»,- արձագանքեց  Հովհաննես Սահակյանը՝ նշելով, որ ներկայացված նախագծում եղած անգրագիտությունները պետք է վերացվեն: «Անգրագետը դուք եք, եթե անգրագիտության մասին եք խոսում: Այս սուպեր գրագետ, հոգեպես հավասարակշիռ մարդկանց շնորհիվ(նրա խոսքն ուղղված էր Գագիկ Ջհանգիրյանին-խմբ.) մեր պետությունը հիսուն հազար եվրոյով տուժել է»,- բարկացած արձագանքեց Զարուհի Փոստանջյանը: Նրա նախագծին կողմ քվեարկեցին միայն ինքը՝ պատգամավորը, եւ Տիգրան Ուրիխանյանը: Մյուսները ձեռնպահ էին: Նախագիծը չմտավ ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: