Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ԱԺ-ում 4-րդ նստաշրջանի աշխատանքներն են մեկնարկել

Քաղաքականություն
unnamed-1-19

Սեպտեմբերի 29-ին ԼՂՀ Ազգային ժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ մեկնարկել են ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ 4-րդ նստաշրջանի աշխատանքները: Խորհրդարանի նախագահը հակիրճ անդրադարձել է նախորդ ամիսներին ԱԺ գործունեությանը: Կանոնակարգ օրենքի համաձայն՝ նստաշրջանի մեկնարկին խորհրդարանականները հաստատել են ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը՝ վերընտրելով Ռամելա Դադայանին, Լյուդմիլա Բարսեղյանին և Գագիկ Բաղունցին: Այնուհետև պատգամավորները քննարկել են օրակարգում տեղ գտած հարցերը: Այսպիսով՝ խորհրդարանը քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ԼՂՀ օրենքը, որը միտված է բարձրացնել էկոլոգիական կրթության դերը ԼՂՀ կրթական հաստատություններում, հատկապես նախադպրոցական և հանրակրթական մակարդակներում: Ազգային ժողովը հաստատել է նաև` «Թափոնների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ընդերքի մասին ԼՂՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքները, որով կատարելագործվում են նշված օրենքների առանձին բաժինների և հոդվածների դրույթները՝ իրավակիրարկման համար ավելի արդյունավետ դարձնելով դրանք: «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որն ուղղված է նշված օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված արտոնությունից օգտվողների շրջանակի ընդլայնմանը: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ԼՂՀ օրենքը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվություն է ներկայացրել ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Նիստին հնչել է նաև պատգամավորական հայտարարություն. պատգամավոր Ռամելա Դադայանը հանդես է եկել կրթության ոլորտում բարեփոխումների՝ մասնավորապես մանկավարժների սոցիալական ապահովվածության մասին հիմնավորումներով: Ընդմիջումից հետո խորհրդարանը վերսկսել է աշխատանքները և տեղի է ունեցել օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ: Կառավարությանանդամները փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորությամբ պատասխանել են բյուջեում կատարված փոփոխություններին, Արցախկապ և Ղարաբաղ-տելեկոմ ընկերությունների ծառայություններին, դպրոցների ծանրաբեռնվածությանը, հատուկ կատեգորիայի մարդկանց համար բնակարանաշինությանը, Շահումյանի շրջանի բնակավայրերից երկուսում դպրոցի և հիվանդանոցի շինարարությանը, ինչպես նաև արտաքին քաղաքականությանը վերաբերող ԱԺ պատգամավորների առաջադրած հարցերին: