Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանության 46 աշխատակիցներին քարով հարվածելու գործն ուղարկվեց դատարան (տեսանյութ)

Հասարակություն
dater

Հուլիսի 20-ին ոստիկանության 46 աշխատակիցների տարբեր մարմնական վնասվածքներ պատճառած   Սոսո Մարգարյանի, ինչպես նաեւ Արսեն Մկրտումյանի եւ Գագիկ Միքայելյանի գործն այսօր Էրեբունու դատարանից  ընդհատության կարգով ուղարկվեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:  Դատավոր Արտուշ Գաբրիելյանը պատճառաբանեց, որ դեպքը տեղի է ունեցել Քրիստափորի եւ Խորենացի փողոցների խաչմերուկում, իսկ այդ տարածքը գտնվում է Կենտրոնում: Դատավոր  Արտուշ Գաբրիելյանը  գործը վարույթ ընդունելը պարզաբանեց նրանով, որ լրանում էր ամբաստանյալների կալանքի տակ պահելու  ժամկետը եւ ստիպված է եղել դատաքննության նշանակել եւ  հետո նոր միայն ուղարկել  այլ դատարան: « Դատավորի երկու որոշումներից մեկն ակնհայտ անօրինական է: Եթե նա իրավասու չէր գործը վարույթ ընդունել, նա իրավասու չէր նաեւ դատաքննություն նշանակել: Եթե դատաքննության է նշանակել, ուրեմն՝ պետք է շարունակեր լսել»,- ասաց պաշտպան Արա Զաքարյանը: Պաշտպանի խոսքերով՝ բազմաթիվ տուժողներ կան վկայակոչված դատակոչի ցուցակում, սակայն  տուժող է համարվում այն անձը, ում պատճառվել է  ֆիզիկական կամ բարոյական վնաս. « Երեք մեղադրյալներից եւ ոչ մեկին վերագրված չէ ոստիկանին վնասվածք պատճառելու հանգամանքը, հետեւաբար այն բոլոր ոստիկանները եւ այն անձինք, որոնց գույքին է վնաս պատճառված, տվյալ գործով չեն կարող տուժողի կարգավիճակ ունենալ»: Սոսո Մարգարյանի հայրն էլ ավելացնում է՝ իրականում որդին է տուժել  ոստիկանների գործողություններից, սակայն այսօր հայտնվել է ամբաստանյալի աթոռին: «Որովհետեւ Հայաստանում արդարադատություն չկա, սպասում են վերեւից հրահանգի, տուժողներ են ման գալիս, դուք ինքներդ նայեցիք, որ չկան, տուժողը մենք ենք, մեր ընտանիքներն են»,- նշում է Իշխան Մարգարյանը: Պատմության ուսուցիչ Գագիկ Միքայելյանի մայրն էլ ավելացնում է՝ որդին անազատության մեջ է միայն  քար նետելու համար: «Իսկ իրենց ինչպիսի քաղաքացիներ են պետք, երբ որ ծեծեն, գլուխները հանգիստ կախեն:  Ինքը երեւի շատ ուժեղ է, որ մի քարով 46 ոստիկանի հարվածել է, այդքան նյութական վնաս է հասցրել մեր պետությանը»: Հուլիսի 20-ին զանգվածային անկարգությունների մեկ այլ գործ էլ 4 ամբաստանյալների՝ Հայկ Հովհաննիսյանի, Արման Մխիթարյանի,  Նարեկ Սարգսյանի եւ Ալբերտ Ավագյանի  մասնակցությամբ  ընդհատության կարգով կրկին  ուղարկվեց  Կենտրոնի դատարան: Իսկ լրագրողի  մասնագիտական գործունեությունը խոչընդոտների՝ Սեյրան Կարապետյանի, Վլադիմիր Մխիթարյանի, Դավիթ Սարգսյանի և Կարեն Գրիգորյանի գործով դատական նիստն այսօր դեռ չսկսված ավարտվեց: Դատական նիստին չէին ներկայացել  դատախազը, տուժողը  եւ տուժողի ներկայացուցիչը:  «Արմենիա» հեռուստաընկերությունը դատարան գրություն էր ուղարկել եւ ժամանակ խնդրել՝ քաղհայց ներկայացնելու համար: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 6-ը: