Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես կինոն դարձնել շահավետ բիզնես (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
amiryan

Կառավարության նիստից հետո այսօր Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չպետք է սպասել, այլ պետք է առաջին իսկ օրվանից նետվել գործի մեջ՝ ընթացքում շտկելով խնդիրները, շարժվել առաջ: Նրա համար առաջնահերթությունը լինելու է Գրահրատարակչական ոլորտի ամբողջական ցիկլը, որը պետք է վերանայել՝ սկսելով նոր տիպի գրախանութների ստեղծումից, որը կդառնա ընտանեկան հանգստի կենտրոն. «Առավել քան համոզված եմ, որ նման գրախանութները կնպաստեն Գրահրատարակչական ոլորտի ամբողջական ցիկլի բիզնես զարգացմանը՝ հրատարակչությունից սկսած, գրողների եկամուտներից սկսած, ընդհանրապես գրականության սպառման առումով: Այս փորձը պետք է տեղայնացնել ամբողջ հանրապետությունով մեկ: Փորձը կսկսենք Երեւանում, եւ մեկ ներդրողի միջոցով երեւանյան փորձը կարող է դառնալ օրինակ ամբողջ հանրապետության համար: Նաեւ պետք է ՀՀ ներմուծել ժամանակակից տեխնոլոգիաներ, կատարել գրքերի թվայնացում. ամբողջ աշխարհը թվային գրքեր է  կարդում, սակայն, ցավոք, ՀՀ-ում այդ պակասը կա»: Ըստ Արմեն Ամիրյանի՝ իր հաջորդ առաջնահերթությունը «Կինոյի մասին» օրենքի ընդունումն է լինելու. «Այն հնարավորություն կտա արտաքին պրոդյուսերական կենտրոններին եւ կազմակերպություններին, որոնք նկարահանումներ կանեն ՀՀ-ում, ազատել որոշակի հարկատեսակներից: Դա կխթանի կինոարտադրությունը ՀՀ-ում, ինչպես նաեւ՝ այն կարող է դառնալ ՀՀ-ն արտերկրում լավագույնս ներկայացնելու միջոց: Նաեւ համատեղ նախագծեր պետք է արվեն ռուսական, չինական, իրանական շուկայի համար: Նախատեսում եմ հանդիպումներ, առաջին հերթին ռուսական շուկայի հետ»: Ինչ վերաբերում է թատրոնին, ապա Արմեն Ամիրյանի խոսքով, այն ավելի շատ ստեղծագործական ոլորտ է, իսկ կինոն ավելի շատ բիզնես է, որը ներդրումներ, իրավունքներ, հնարավորություններ, զիջումներ, դրամաշնորհներ պետք է տալ, որ զարգանա: