Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անտիկ շրջանի բաղնիքի խճանկարը չենք կարողանում վերականգնել» (տեսանյութ)

Մշակույթ
asulis3

Հայ-իտալական մշակութային համագործակցության շրջանակներում  Հայաստանում կստեղծվի «Հուշարձանների վերականգնման տարածաշրջանային կենտրոն»: Այն նախատեսված է բացել նոյեմբերին, սակայն արդեն իսկ որոշ աշխատանքներ տարվում են: Իտալական կողմի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են նորանշանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ եւ քննարկել կենտրոնի ստեղծմանն առնչվող հարցերը, իսկ այսօր լրագրողների հետ հանդիպմանը նրանք ներկայացրեցին ծրագրի մանրամասները: Իտալիայի արտաքին գործերի նախարարության համագործակցության  զարգացման գործակալության փորձագետ,  ճարտարապետ Ռիտա Գոնելլին, պատասխանելով «Ա1+»-ի թղթակցի հարցին, թե հուշարձանների պահպանման եւ վերականգնման հարցում ինչ բացեր է նկատում Հայաստանում, ասաց. «Ես Հայաստան եմ այցելում 2008 թվականից սկսած: Ծանոթացել եմ ձեր մշակույթին դեռ վաղուց: Այն մշակութային ժառանգությունը որ դուք ունեք, շատ լայն է, եւ իսկապես մեծ աշխատանք է տարվել դրանց վրա եւ դեռ շատ անելիք ունեք: Ամեն անգամ Հայաստան գալով, ավելի լավ վիճակ եմ տեսնում՝ նախորդ տարիների համեմատ»: Հարցին անդրադարձավ նաեւ Հայաստանի մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը՝ նշելով, որ ծրագրի շրջանակներում հուշարձանների վերականգնման մասնագետներ պատրաստել: «Մասնագետների կարիք միշտ կա, եւ այս կենտրոնի ուղղվածություններից մեկն էլ մասնագետների պատրաստումն է լինելու: Մի օրինակ բերեմ. արդեն երրորդ տարին է՝ Արտաշատ պատմական մայրաքաղաքում ամրակայման աշխատանքներ են ընթանում, որտեղ մի քանի տարի առաջ բացվել էր անտիկ ժամանակաշրջանի բաղնիքի խճանկար, որը վերականգնման կարիք ունի, սակայն Հայաստանը չունի խճանկարի վերականգման մասնագետ, եւ մենք նախատեսել ենք այս ծրագրի շրջանակներում խճանկարի մասնագիտական դասընթացներ  անցկացնել՝ Իտալիայից հրավիրված մասնագետների օգնությամբ»: