Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք է ունենալ երազ ու աշխատել ստեղծագործաբար». վարչապետի հանձնարարականները (տեսանյութ)

Քաղաքականություն
karen-karapetyan-9

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց նոր նախարարներին. «Շնորհակալություն, որ համաձայնել եք այս բեռը կիսելու»: Ապա դիմելով Բնապահպանության նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանին՝ կատակեց. «Իսկ Արծվիկ Մինասյանին նոր անդամ համարե՞մ, թե? չէ»: Վարչապետն անմիջապես անցավ հանձնարարականներին. «Նախ եւ առաջ վերջին օրերին սննդի անվտանգության պաշտպանության վերաբերյալ սպառողների ներկայացուցիչների ու գործարարների հետ ենք հանդիպել, հանձնարարում եմ Գյուղատնտեսության նախարարին՝ հնչեցված մտահոգությունները ուսումնասիրել՝ շեշտը դնելով այն հարցի վրա, թե լաբորատորիան պետք է լինի ՍԱՊԾ մե՞ջ, թե պետք է լինի անկախ»: Նրա հաջորդ հանձնարարականը վերաբերում էր սեփականաշնորհված ակտիվներին. «Բազմաթիվ տարիների ընթացքում մենք ունենք սեփականաշնորհված գույք, որ այսօր չի աշխատում, դրա համար Էկոնոմիկայի, Ֆինանսների ու Տարածքային զարգացման նախարարություններին հանձնարարում եմ գույքագրել այդ ունեցվածքը, մշակել ու ներկայացնել չօգտագործվող գույքի վերաբերյալ համակարգային առաջարկություններ: Մենք պետք է սեփականատերերին փորձենք մոտիվացնենք ու ակտիվացնենք, որ այդ գույքը աշխատի»: Ինչ վերաբերում է գնումների ոլորտին, ապա Կարեն Կարապետյանը հանձնարարեց կանոնակարգել դրանք. «Հանձնարարում եմ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին քննարկել կենտրոնացված կարգով գնումների մեխանիզմի ներդրման առաջարկությունը, թե որ ծառայություններն են նախընտրելի, որ ձեռք բերվել այդ համակարգով: Ծախսերի նվազեցում պետք է լինի նաեւ գների ճշտման ավելի կառավարելի համակարգ ներդրմամբ»: Նա անդրադարձավ նաեւ կառավարմանն ու կառուցվածքին. «Հանձնարարում եմ բոլոր մարմիններին` վերանայել բոլոր ՊՈԱԿ-ների նպատակահարմարությունը ու թվաքանակի կրճատման ու օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ անել՝ գործառույթները պետք է լինեն հստակ ու չկրկնվող: Բազմաթիվ ՊՈԱԿ-ներ կան, որոնք հստակ ֆինանսական միջոցներ են ստանում ամեն տարի, դրանք պետք է շատ խիստ, կոշտ վերանայվի, ինչպես նաեւ՝ յուրաքանչյուր լուման վերանայվի, թե ինչ նպատակի է այն ծառայում, քանի որ նրանց պրոդուկտը չեմ տեսել: Օպտիմալացումը վերաբերում է նաեւ ԾԻԳ-երին: Հանձնարարում եմ Սպորտի, Քաղշին նախարարություններին մեկշաբաթյա ժամկետում քննարկել իրենց կազմում առկա ԾԻԳ-երի լուծարման նախագիծը: Պետք է մի ամփոփ կոնցեպցիա ունենանք»: Հանձնարարականներից մեկն էլ վերաբերում էր տարածքների համաչափ ու տնտեսական զարգացմանը. «Տարածքային կառավարման նախարարին հանձնարարվում է մեկամսյա ժամկետում էկոնոմիկայի, Սպորտի, Կրթության, Էներգետիկայի, Տրանսպորտի նախարարություններին՝ ուսումնասիրել բոլոր ոլորտների պետական բյուջեի թեմատիկ դաշտերը ու ներկայացնել առաջարկներ, որպեսզի մենք ունենանք հասկանալի վեկտոր, թե ուր ենք գնում: Տարածքային կառավարման նախարարին հանձարարում եմ երեքշաբաթյա ժամկետում վերանայել համայնքային զարգացման հնգամյա ծրագրի մշակման ու կառավարման մեթոդաբանությունը, չափելի ու հասկանալի պահանջներ դնել զարգացման համար, ինչպես նաեւ՝ տնտեսական զարգացում տեղերում: Ձեռնարկել մեխանիզմներ, որ բոլոր համայնքների ծրագրերը մշակվեն նոր մեթոդաբանությամբ. յուրաքանչյուր բնակավայր ու կառավարիչ պետք է ունենա հորիզոն, թե ինչ է ուզում, որ այդ բնակավայրում ունենա, նաեւ՝ պետք է ունենա երազ: Մեթոդաբանությունը կազմեք մաքսիմալ պարզ, թուղթը պետք է լինի հասկանալի, ընթերցելի, պրագմատիկ, քանի որ շատ հաճախ կազմում ենք բյուրոկրատ ու անհասկանալի փաստաթղթեր, ու ամեն ինչ կորցնում ենք: Պետք է ստեղծագործաբար աշխատել»: