Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Դատարանին դատի տալու համար լրագրողը մրցանակ է ստացել (տեսանյութ)

Հասարակություն
1301_b

«Սիվիլնեթ»-ի լրագրող Արման Սուլեյմանյանը ճանաչվել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվը օգտագործող լրագրող:  Նրան մրցանակը շնորհել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։ «Դատարանին դատի տալու համար ենք մրցանակ ստացել, իրավիճակը, որը տիրում է դատական դահլիճներում ինձ չի գոհացնում:  Լրագրողներին հիմնականում թույլ չեն տալիս անել իրենց գործը՝ օգտագործելով օրենքի բացը:   Ինձ դուր եկավ պարզապես այդ գաղափարի խելագարությունը՝ դատի տալը: Երբ դրա մասին բարձրաձայնում էիր, բոլորը սթրեսի մեջ էին ընկնում, ոնց կարելի է դատարանին դատարան տալ»,- «Ա1+»-ին ասաց Արման Սուլեյմանյանը: Վարչական եւ քաղաքացիական օրենսգրքում գրված է՝ միայն կողմերի համաձայնության պարագայում լրագրողը կարող է տեսաձայնագրել. «Դատավորը դիմում է վարչական մարմնին՝ այսինքն ոստիկանությանը կամ հարկային մարմնին, վերջիններս ասում են, որ նրանք չեն ցանկանում հայտնվել հեռուստառեպորտաժում: Դա բավարար պայման է հանդիսանում, որ դատարանը ասի՝ կներես, քեզ արգելվում է նկարահանելը»,-ասում է լրագրողը: Դատական երեք ատյաններում  գործը վարույթ չի ընդունվել, սակայն դա չի ընկճել լրագրողին:   Տեղեկատվություն ստանալու իրավունքն ամենաակտիվը կիրառելու համար  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ին էլ  այսօր շնորհվեց  Ոսկե բանալի: « Բացարձակապես անակնկալ էր մեզ համար:  Մի տեսակ այն, ինչը քո ամենօրյա աշխատանքի մասն է կազմում ու ակտիվ կերպով իրականացնում ես, զարմանալի է, որ կարող է խրախուսանքի եւ մրցանակի արժանանալ»,- ասում է ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը: Այսօր կենտրոնը նշում է իր  հիմնադրման  15-րդ ամյակը՝  ամփոփելով կատարածն ու խնդիրները։ « Ամենակարեւորը, որ պաշտոնյաների մոտից դուրս գա այն մտածողությունը, որ իրենց սեփականությունն է այն տեղեկատվությունը, այն գերատեսչության տեղեկատվությունը, որը իրենք ղեկավարում են:  Այնինչ դա հանրությանն է եւ նա չէ սեփականատերը»,- ավելացնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Լիանա Դոյդոյանը: Կենտրոնի հիմնադիրը   ներկայումս ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետն է։ «Անձնական տվյալների պաշտպանությունը համարվում է օրինական սահմանափակում տեղեկատվության ազատության համար: Բայց  բոլոր դեպքերում փորձում եմ հավասարակշռել այս երկու արժեքները, հատկապես լրագրողների համար է կարեւորվում ճիշտ հավասարակշռումը, որ ոչ մարդու իրավունքը ապօրինի խախտվի եւ ոչ էլ սահմանափակվի տեղեկատվության ազատությունը»,-նշում է  Շուշան Դոյդոյանը: Ի դեպ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը իր հիմնադրման 15- ամյակի կապակցությամբ այսօր չհայտարարեց ժանգոտ կողպեքի մրցանակակիր մարմինների անունները: