Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոչ միայն ցավում եմ, այլեւ լացս է գալիս. նշանակեք ինձ վարչության պետ» (տեսանյութ)

Քաղաքականություն
hrant-bagratyan

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր «Հարկային օրենսգրքի» երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ իրենց ներկայացրած առաջարկությունները եթե անտեսվեն, ապա այս օրենսգրքով նորաստեղծ այս կառավարությանը եւս ձախողում է սպասվում: Նրան այնքան էլ չեն բավարարել իր առաջարկությունների վերաբերյալ ՊԵԿ պատասխանները, և պատգամավորը հանդես եկավ կոնկրետ առաջարկով. «Նշանակեք ինձ մի շաբաթով վարչության պետ, հետո դուրս կգամ, որ թվերը նորմալ հաշվեմ: Պարոն Միրումյան, թիվ գրեք, ես էլ հո երեխա չեմ, որ ինձ էլ գցում եք թյուրիմացության մեջ... արհամարհում եք խոսքս: Ոչ միայն ցավում եմ, այլեւ լացս է գալիս, քանի որ ցուցանիշներով էլի հետ ենք մնալու հարեւան Վրաստանից: Ես, օրինակ, կարող եմ երեք տարով սահմանի վրայից հանել ԱԱՀ-ն, ինչպես արել եմ 1996թ.: Այ մարդ, այդ թվերին ամեն ինչ շատ ավելի իդեալական էր, քան հիմա: Քրիստոնեությունը համարում եք ազնվության չափանիշ, էդ դեպքում գոնե քրիստոնեաբար մի հատ հարկային համակարգ անեիք: Ես քվեարկությանը չեմ կարող միանալ դրական իմաստով»: «Պարոն Բագրատյան, սակայն կառավարությունը ձեր շատ առաջարկներ ընդունել է»,- արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ ինքը դեմ է այս օրենսգրքին, ու չի հակսանում, թե ինչու է այսպես հապճեպորեն այս նախագիծը բերվել ԱԺ. «Կգար Կառավարության ծրագիրը, կկարդայինք, կհասկանայինք: Նաեւ արհամարհանք կա առ ԱԺ՝ կառավարությունը որոշում է պարտավորություն  ստանձնել միջազգային ֆինանսական կազմակերպությունների առաջ, որ այս-այս ժամկետներում պետք է ընդունվի օրենսգիրքը: Սա ձեր մեծամասնության կառավարությունն է, սակայն վարչապետի ձեռքերը կապում եք, քանի որ այս օրենսգրքի կազմմանը նա չի մասնակցել: Նա հայտարարում է, որ տնտեսությունը ծայրահեղ ծանր վիճակում է, իսկ դուք բերել եք այս օրենսգիրքը: Միգուցե վարչապետը այլ կոնցեպտ է ներկայացնում հարկային դաշտի: Ես կսպասեմ կառավարության ծրագրի ներկայացմանը, եւ վարչապետի միջոցով հարցերիս պատասխանները կստանամ»: «Վարչապետի ձեռքերը կապված չեն, լավ էլ ազատ են, նրան օդից չենք բերել, մեր թիմի անդամ է, իսկ նոր կառավարությունը հների տրամաբանական շարունակությունն է»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: