Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորը տուգանքների համաներում է պահանջում (տեսանյութ)

Քաղաքականություն
melkumyan

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր «Հարկային օրենսգրքի» երկրորդ ընթերցմամբ քննարկմանը պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ հույսեր ուներ, որ այս օրենսգիրքը ուշքի կբերեր, իր խոսքերով, մեր կռքաշ տնտեսությունը. «Սակայն որեւէ մեխանիզմ այն չի տալիս կրճատելու ստվերը, վարչարարությունը: Ասում են՝ մեր երկրում հնարավոր չէ ստվերը չափել, ոչ ստվերը մեզ մոտ ճշգրիտ չափված է: Ուզում եմ քաղաքական հայտարարություն անել՝ չի կարող չզարգացած տնտեսություն ունեցող երկրում լինել ժողովրդավարություն»: Նա իր զարմանքը հայտնեց իր որոշ գործընկերների պահվածքից, որ ընդգծված դեմ լինելով՝ կողմ են քվեարկում. «Երեւի դրա համար էլ այս վիճակն է»: Իսկ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանին զարմացնում է այն, որ այս կարեւորագույն նախագծի վերաբերյալ ելույթ է ունենում ընդամենը հինգ պատգամավոր: Նա հայտարարեց, որ համաներման վերաբերյալ նախագիծ է դրել շրջանառության մեջ. «Տնտեսական նոր խաղի կանոններ սահմանելուց առաջ պետք է դաշտը կարգավորենք ու առկա տույժ-տուգանքները ամնիստիայի ենթարկենք, քանի որ մեր երկիրն այն վիճակում է, երբ տնտեսական զարգացման բոլոր շարժառիթները կորել են, հանրապետությունը կոլապսի մեջ է, ու կառավարությունը պետք է այդ ոչ ստանդարտ գործիքները կիրառի»: Վերջում պարոն Մելքումյանը նշեց, որ այս տեսքով օրենսգիրքն անընդունելի է, մանավանդ, երբ ՀՀԿ-ն իր հնգամյա ծրագրում նշել էր, որ սահմանի վրա պետք է ԱԱՀ-ն վերացվի, մինչդեռ ոչ մի քայլ չի արվել: