Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բաժանմունքներում հիմնականում քննիչներն են խոշտանգում մարդկանց» (տեսանյութ)

Քաղաքականություն
med

«ՁՊՎ-ներում մարդու իրավունքների խախտման դեպքերը նվազել են». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ոստիկանության ՁՊՎ-ներում հասարակական դիտորդական խմբի նախագահ Սուրեն Իսկանդարյանը՝  ներկայացնելով դիտորդական խմբի վերջին՝ 2015 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում կատարած ուսումնասիրությունների արդյունքները: Համաձայն դրանց՝ ՁՊՎ-ներում առաջընթաց կա՝ համեմատած նախորդ տարիների հետ. «Ունենք խախտումներ, որոնք օրենսդրության բացի պատճառով են, գիտելիքների պակասի: Ոստիկանության հետ քննարկման արդյունքում եկանք համաձայնության, որ ցանկալի է սեմինար կազմակերպվի եւ տեղում քննարկվի, լուծումներ տրվեն: ԵԱՀԿ-ի ֆինանսավորմամբ մեծ սեմինար կազմակերպեցինք ոստիկանների համար, որից հետո տեսանք այդ առաջընթացը»,-նշեց նա՝ հավելելով, որ ոստիկանների նկատմամբ կարգապահական տույժերն ավելացել են 62 տոկոսով: Իսկանդարյանի խոսքով՝ սա չի նշանակում, թե բացասական երևույթներ չկան ՁՊՎ-ներում. «Օրինակ՝ մարմնական վնասվածքների մասով որևէ ոստիկան չի ենթարկվել պատասխանատվության: Միշտ ասում են, թե մինչ բերման ենթարկվելն է անձն ունեցել վնասվածք, կամ բերման ենթարկվելիս ընդդիմություն է ցույց տվել եւ այլն»,-ասաց նա: Դիտորդական խումբը նկատել է, որ իրենց, ՁՊՎ-ների եւ քննչական կոմիտեի հրապարակած տվյալները միմյանց հակասում են. «Օրինակ, նախորդ տարի Շիրակի մարզում մենք արձանագրել ենք  մարմնական վնասվածք ստանալու 18 դեպք, ոստիկանությունը նույնպես արձանագրել է 18-ը, բայց, չգիտես ինչու, քննչական կոմիտեն արձանագրել է 25 դեպք»,-հավելեց Իսկանդարյանը: Նրա խոսքով՝ շատ հաճախ մարդիկ վախենում են բարձրաձայնել իրենց նկատմամբ ոստիկանության բաժիններում կիրառված խոշտանգումների մասին: «Բացի այդ, բաժանմունքներում հիմնականում քննիչներն են խոշտանգում անձանց, եւ այս դեպքում նույն քննիչին զեկուցվում է իր իսկ կողմից կատարված խոշտանգման մասին, դա աբսուրդ է»: 2015-ի առաջին կիսամյակում, ըստ դիտորդական խմբի ուսումնասիրության արդյունքների, Երևանում ՁՊՎ-ներում արձանագրվել է մարմնական վնասվածքի 98 դեպք, իսկ մարզերում՝ 149: Դիտորդական խմբի անդամ Հերմինե Հովհաննիսյանն էլ հավելեց, որ ՁՊՎ-ներում բուժօգնության մասով կան թերացումներ. «Բժիշկներն անընթեռնելի են գրառումներ անում,  օտար լեզվով, որը մեծ խախտում է: Բացի այդ, հաճախ երբ բժիշկը զննում է եւ արձանագրում, որ կա ձերբակալվածին հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն, ոստիկանները նշում են, որ բժիշկի եզրակացությունը բավարար չէ դրա համար»: Քննարկմանը ներկա՝ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Բադասյանը նշեց, որ նախորդ տարվա ընթացքում որոշ ոստիկանների գործունեությունը կասեցվել է, կան կարգապահական պատասխանատվության ենթարկվածներ եւ կան ոստիկաններ, որոնք ազատվել են  պաշտոններից: «Ես կարող են փաստել, որ այսօր մարմնական վնասվածքներ պատճառելու կամ խոշտանգելու դեպքեր ոստիկանության որեւիցե բաժնում չի արձանագրվել: Նախկին տարիներին շատ խիստ արձագանքման արդյունքում ոստիկանների նման գործելաոճը բացակայում է»,-հավելեց նա: Անդրադառնալով այս տարվա հուլիսի դեպքերին, Բադասյանը չցանկացավ պատասխանել հարցին, թե արդյոք օրինական էր քաղաքացիներին ոստիկանության զորամասեր տանելը՝ հավելելով. «Բերման ենթարկվածներն ունեն կարգավիճակ, նրանք կարող են երեք ժամ մնալ բերման ենթարկվածի կարգավիճակում, իսկ ՁՊՎ են տեղափոխվում միայն ձերբակալման համապատասխան արձանագրություն կազմվելուց հետո: Քաղաքացիները ոստիկանության ցանկացած մարմին, ցանկացած բաժանմունք կարող են բերման ենթարկվել: Միգուցե այդ ժամանակ նպատակահարմար է եղել զորամասեր տանելը՝ քանակի առումով»,-եզրափակեց նա: