Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանության նոր առաջարկները՝ Հարկային օրենսգրքում (տեսանյութ)

Տնտեսություն
VARDAN

Ազգային ժողովում հարկային նոր օրենսգրքի սեպտեմբերի 13-ին քննարկումը մինչեւ մեկ տարով հետաձգելու որոշումն ունեցավ ընդամենը երկու շաբաթվա կյանք։ Պետության ու հարկ վճարողների  միջև հարաբերությունները սահմանող նոր փաստաթուղթը հայտնվել է Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում։  Չնայած քննադատություններին՝ իշխող ուժի ներկայացուցիչը այն համարում է բարեփոխված։ «Տեղի է ունեցել հարկային բեռի թեթևացում: 150 000 դրամը գանձվում է 23%-ով, այսինքն՝ ինքը իջնում է։  150 000-ից մինչև 2 միլիոնը գանձվելու է 28%-ով։ Այսինքն 1-ից 2 միլիոնի մասով բեռի ավելացում տեղի է ունենում 1%/1 հարաբերակցությամբ։  Բայց երկու միլիոնի դեպքում մենք ձեռք չենք տվել»,- նշում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանը։ Առաջին ընթերցմամբ ընդունված փաստաթղթով զգալիորեն ավելանում էր հատկապես  120 000 դրամից ավելի աշխատավարձ ստացող միջին խավի հարկային բեռը։ Փոփոխությանը դեմ են բարձր աշխատավարձ ստացող ՏՏ ոլորտի մասնագետները։  Վարդան Այվազյանի համոզմամբ՝ այս խմբերն այլևս բողոքելու առիթ չեն ունենա։ Հարկային նոր օրենսգրքի վիճահարույց դրույթներից է նաև շրջանառության հարկի շեմի նվազեցումը։ Առաջին ընթերցմամբ ընդունված փաստաթղթով 115 միլիոն դրամից այն դառնում էր 40 միլիոն դրամ։ Շեմն անցնելու դեպքում տնտեսավարողը վճարում էր ԱԱՀ, ինչը ոչ բոլորի սրտով էր։ Նոր առաջարկը 60 միլիոն դրամ է։ «Մեկ տարվա արդյունքները ցույց տվեցին, որ երբ անգամ մենք նրանց տվեցինք 1.5%-ի փաստաթղթերի ներկայացման հնարավորություն, մենք չունեցանք եկամուտների ավելացում, չունեցանք շրջանառության թվաքանակի ավելացում, չունեցանք շրջանառության շեմի ավելացում»,- մեկնաբանում է Վարդան Այվազյանը։ Պատգամավորը  պնդում է՝ նոր փոփոխություններ կան նախկինում քննադատված գրեթե բոլոր դրույթների մասով։ Մինչդեռ մասնագետներն ունեն անպատասխան հարցեր։ Ըստ նրանց՝ քննարկվող փաստաթուղթը տեսանելի չի դարձնում նոր բիզնես սկսել ցանկացողների ապագան։ Անպատասխան է մեկ հարց՝ արդյո՞ք հարկվելու է նոր բիզնես սկսող գործարարի նախնական կապիտալը։ Ըստ պնդումների՝ այսպիսի անորոշությունը կարող է գործարարներին հետ պահել նոր ներդրումներ կատարելուց։ Վարդան Այվազյանը, չնայած լավ է տրամադրված, սակայն վստահ չէ, որ Ազգային ժողովում նոր փաստաթուղթը քննադատողներ չեն լինի։ «Դուք հավատո՞ւմ եք, որ ընդդիմախոսություն չի լինի, ոնց որ դուք չեք հավատում, ես էլ չեմ հավատում։ Բնականաբար՝ ցանկացած քայլի պարագայում կա նաև ավելի շատը տեսնելու ցանկություն, կա քաղաքական պատասխանատվություն, կա ընդդիմություն»,- ասում է նա։ Հարկային օրենսգրքի նախագիծը քննադատողների պակաս չունի նաև Ազգային ժողովից դուրս։ Փաստաթուղթն Ազգային ժողովից հետ կանչելու առաջարկով վարչապետ Կարեն Կարապետյանին է դիմել  «ՓՄՁ Համագործակցության ասոցիացիան»՝ առաջարկելով փաստաթուղթը դարձնել լայն քննարկման առարկա։  Ի դեպ, Ազգային ժողովի կողմից Հարկային նոր օրենսգրքի ընդունման դեպքում, նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2018 թվականից հետո։