Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.5 տոկոսային կետով՝ 6.75 տոկոս

Տնտեսություն
1c7addd741f32b4779e4045b77344a31

2016 թ. սեպտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնելվերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.75%: 2016 թ. օգոստոսին արձանագրվել է 0.5% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.1% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով -1.9%: ԿԲ գնահատումների համաձայն գնանկումային ցածր մակարդակը կպահպանվի նաև սեպտեմբերին, որից հետո մինչև տարեվերջ այն զգալիորեն կմեղմվի: Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը և միջազգային ապրանքային շուկաների հարաբերական կայունությունը, չնայած որոշ պարենային ապրանքների գծով դիտվել են թույլ գնաճային միտումներ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում: Խորհուրդն արձանագրում է, որ 2016 թ. առաջին կիսամյակի արդյունքներով արձանագրված տնտեսական բարձր ակտիվությունից հետո, 2016 թ. երրորդ եռամսյակում հրապարակված ցուցանիշները փաստում են տնտեսական աճի հեռանկարների վատթարացման մասին: Արդյունքում վերանայվել են նաև ԿԲ սպասումները ներքին պահանջարկի զարգացումների վերաբերյալ: Նման իրավիճակում ՀՀ ԿԲ-ն գնահատում է, որ դեռևս պահպանվող համեմատաբար բարձր արտաքին պահանջարկը այլևս ամբողջությամբ չի փոխհատուցում թույլ ներքին պահանջարկը, ինչը ռիսկեր է առաջացնում գնաճի կանխատեսված ցուցանիշից՝ նվազման ուղղությամբ շեղման առումով: Կարճաժամկետ հատվածում դեռևս պահպանվող ցածր գնաճի, զգալիորեն նվազած գնաճային սպասումների, ինչպես նաև ցածր պահանջարկի հետևանքով ավելացող գնանկումային ռիսկերի ներքո ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը, ինչի պարագայում գնանկումային միջավայրը մինչև տարեվերջ հիմնականում կչեզոքանա, և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ չնայած կարճաժամկետ հատվածում գնանկումային ռիսկերը գերակշռում են, սակայն միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման էական ռիսկեր չկան: Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 8.25 % և 5.25 %: Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հոկտեմբերի 7-ին հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):   ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն