Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Գեւորգ Սաֆարյան. «Ինձ որպես պատանդ են պահում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
gevorg

Երկամսյա ընդմիջումից հետո, այսօր շարունակվեց Ամանորի գիշերը տոնածառ տեղադրելու փորձից հետո կալանավորված,  Հիմնադիր խորհրդարանի  անդամ Գեւորգ Սաֆարյանի գործով դատավարությունը: Դատավարության ընթացքում Գեւորգ Սաֆարյանը դատավորից հետաքրքրվեց, թե ինչու՞ չեն կայացել իր գործով  դատական նիստերը. «Նիստերը տեղի չեն ունեցել ամբաստանյալի չներկայացվելու պատճառաբանությամբ»,- պարզաբանեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Իսկ Գեւորգ Սաֆարյանի համար պարզ է իրական պատճառը: «Բոլորս գիտենք, որ Երեւանում տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավում, որն էլ այն քաղաքական պատճառն էր, որն ինձ որպես պատանդ պահում էին,  եւ շարունակում են պահել բանտում, քանի որ պարզ է, թե ովքեր էին գրավել ՊՊԾ գունդը»: Գեւորգ Սաֆարյանը անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին՝ նշեց, որ այն իրավաբանության հետ ընդհանրապես կապ չունի եւ քաղաքական հետապնդում է: Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը մեղադրվում է ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ: Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ նշելով, որ ոստիկաններն են այդ օրը բռնություն գործադրել քաղաքացիների նկատմամբ.  «Դատական համակարգը հանդիսանում է գործադիր իշխանության կցորդ»: Դատախազը նշեց, որ Գեւորգ Սաֆարյանը նույն երգն է երգում: Գեւորգ Սաֆարյանը բարկացավ, իսկ դատավորը նիստը համարեց ավարտված եւ հաջորդ դատական նիստին Գեւորգ Սաֆարյանին հորդորեց պատշաճ պատրաստվել հայտարարությանը: Գործով դատական նիստը կշարունակվի հոկտեմբերի 11-ին: Գեւորգի մայրը նշում է՝ որդին ոտքի հետ կապված լուրջ խնդիրներ ունի: «Ինքը դիագնոզ չունի, անալիզներ չի արվել, ոտքը չի նկարվել, ինչ  դեղ տարել ենք չի օգնել: Ներսի բժիշկը ասել էր, որ անշարժ վիճակից է: Ու այսպես դատը գնալով հետաձգեցին»: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից խոստացել են Գեւորգ Սաֆարյանի առողջական խնդրի հարցը փաստաբանի  հետ  միասին քննարկել: