Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պարոն քաղաքապետ, եթե Ձեր տան կոյուղին փակեին, ի՞նչ կանեիք»

Հասարակություն
1508

Սոցցանցում  երեկ տարածվեց  հայտարարություն  այն մասին, որ  Շենգավիթ վարչական շրջանի  Արշակունյաց  278 հասցեում` «Վարդանանք» ռեստորանի դիմաց, արագ թափով ընթանում են շինարարական աշխատանքներ, մի քանի մետր խորությամբ փոս է փորված: Բացի նրանից, որ քաղաքաշինական պահանջները կոպտորեն խախտվել են, նոր սեփականատերը, որի անունը կապվում է Շենգավիթի թաղապետարանի նախկին տեղակալներից մեկի հետ, կամայականորեն և ապօրինաբար փակել է ընդհանուր օգտագործման կոյուղին, ինչի հետևանքով սանիտարահիգիենիկ իրավիճակը սրվել է: Սեփականատերը հայտարարել է, որ տարածքն ինքը գնել է և իր սեփական տարածքում իրավունք ունի իրականացնել ցանկացած շինարարական աշխատանք, և հայտարարել է, որ, այո, փակել է կոյուղին: Շենգավիթի թաղապետարանից «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին տեղեկացրել են, որ շինարարության փաստաթղթային օրինականությունն ապահովված է, և սեփականատերն իրավունք ունի փակել ընդհանուր օգտագործման կոյուղին: «Ենթադրում եմ, որ  սա  երեկ քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ  Հայկ Ասատրյանի  զեկուցման մեջ նշված այն դեպքն է, երբ  բնակիչներն   ապօրինի  շինարարության մասին ահազանգել են «Թեժ գիծ», բայց  քաղաքապետարանից  գնացած    մարդիկ  պարզել են, որ  շինարարության տերն ունեցել է  շինթույլտվություն: Ընդհանրապես, գործակարգավարականների ժամանակ նման   մանրամասնությունների մասին չեք   հետաքրքրվում, չեք  կանխում  բնակիչների՝ «Թեժ գիծ» ահազանգից հետո նման   սեփականատերերի   վայրագությունները: Սա  քաղաքապետարանի  տված   հերթական  ապօրինի  շինթույլտվությունն  է, որի տերը, ունենալով այդ փաստաթուղթը, իրեն իրավունք   է վերապահել  փակել ընդհանուր օգտագործման կոյուղին: Մի պահ   Ձեզ դրեք   այդ բնակիչների տեղը,  նման  փաստի առաջ  եթե Ձեզ  և  Ձեր ընտանիքի անդամներին  կագնեցնեին, ի՞նչ  կանեիք: Վերջապես, բավական  չի՞   քաղաքի  տարբեր   հատվածներում   քաղաքապետարանի  կողմից  տված շինթույլտվություններով  ոչ միայն  փչացնեք  քաղաքի տեսքը, այլև  բազմաթիվ   անհարմարություններ   ստեղծեք  տեղի բնակիչների համար: Խնդրում եմ   պարզաբանել՝ միթե   Ձեր տված  շինթույլտվությամբ  շինարարության սեփականատիրոջը   տվել եք  նման  իրավունք: Ենթադրում եմ, որ՝ ոչ, ապա   ի՞նչ   իրավունքով է  փակել ընդհանուր օգտագործման  կոյուղին, ո՞վ  է   նրան տվել այդ իրավունքը: Ինչպե՞ս   է  լուծվելու  Արշակունյաց  278 հասցեում ընդհանուր   կոյուղու  խնդիրը: Խնդրում եմ  նաև տրամադրել  Արշակունյաց  278 հասցեում  տրված  շինթույլտվության հիմքերի, նախագծային   փաստաթղթերի պատճենները»,- քաղաքապետին հղած նամակում գրում է տիկին Բախշյանը: