Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր նախարարը խաղողի մթերման հարցում խնդիր չի տեսնում (տեսանյութ)

Տնտեսություն
gyuxnax

«Խաղողագործությունը պետք է լինի խաղող արտադրողի եւ վերամշակողի հարաբերությունը, չի կարելի բոլոր հարցերը դնել պետության վրա»,- այսօր Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման ծրագրի գործընկերների երրորդ համաժողովից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանը: «Մենք պետք է ստեղծենք մեխանիզմ, որպեսզի խաղող արտադրողն ու վերամշակողը կարողանան իրար հետ աշխատել: Ամեն անգամ չի լինի այնպես, որ վերամշակողը սնանկանա, իսկ արտադրողն էլ ուզենա իր խաղողից մի կերպ ազատվել, պետք է ամեն ինչ լինի համահունչ: Դրա վրա աշխատում ենք, դա երկար աշխատանք է՝ ոչ մեկ օրվա, ոչ մեկ տարվա»,-նշեց նա: Առաքելյանը գյուղնախարարության դերը տեսնում է նրանում, որ այն օգնի գյուղացուն՝ օպտիմիզացնել իր մթերքի ինքնարժեքը: «Մենք ունենք հաշվարկներ ինքնարժեքի, պետք է հասկանանք եւ խորհրդատվություն տանք գյուղացուն, թե նա ինչպես անի, որ ինքնարժեքը նվազի, որպեսզի վերամշակողն այդ խաղողը գնի»,-ասաց նա: Գյուղնախարարը չի կարծում, թե այս տարի խաղողի մթերման հետ կապված խնդիրներ կլինեն, քանի որ, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի բերքն այդքան շատ չէ. «Անցյալ տարի բնակլիմայական պայմանների հետ կապված մեծ բերք էր ստացվել, բնական է,  որ այս տարի բերքը նվազել է: Ցավոք սրտի, կարկտահարություն եղավ, եւ նորից բերքի նվազում եղավ»: Ի դեպ, Իգնատի Առաքելյանը վաղը պատրաստվում է մեկնել Վայոց ձորի մարզ, որպեսզի տեղացիների հետ քննարկի խաղողի մթերման հետ կապված հարցերը: «Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման ծրագիրն ավարտվում է 2017 թվականին, բայց հենց նույն տարում մեկնարկում է գյուղատնտեսության աջակցության մեկ այլ ծրագիր, որի արժեքը կկազմի 10 միլիոն եվրո: «Ունենք ընթացիկ մեկ այլ ծրագիր՝ ԵՄ եւ Ավստրիայի զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ, որը կենտրոնացած է օրգանական գյուղատնտեսության զարգացման վրա, եւ երկու օրից մեկնարկ կտանք փոքր դրամաշնորհներին, որոնք կնպաստեն փոքր գյուղացիական տնտեսություններում  օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվողներին»: Փոխնախարարի խոսքով՝ ծրագիրը գյուղացիներին աջակցում է հիմնականում սարքավորումներ եւ նյութեր տրամադրելով: Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման (ENPARD) ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Գյուղի եւ գյուղատնտեսության կայուն զարգացման հիմնական խնդիրներից է գյուղատնտեսական կոոպերացիայի խթանումը: Այդ նպատակով ՀՀ բոլոր մարզերում իրականացվել է  բիզնես ուղղվածության գյուղատնտեսական կոոպերացիայի վերաբերյալ իրազեկման բարձրացման 51 դասընթաց, որոնց մասնակցել է 122 համայնքների շուրջ 667 ներկայացուցիչ: Բացի դա,  Արտադրող խմբերի եւ արժեշղթաների զարգացում ծրագրի շրջանակում հնդկացորենի 34 կոոպերատիվների տրամադրվել է սերմ եւ պարարտանյութ: Ֆերմերները մշակել են շուրջ 550 հա հողատարածք եւ 1 հա-ից միջինում ստացել  1,5-2 տոննա հնդկացորեն: Կառուցվում են եւ շուտով շահագործման կհանձնվեն հնդկացորենի մշակման 2 գործարան՝ Ծովագյուղ եւ Բավրա համայնքներում: Ոչ ավանդական բանջարեղենի մշակության 4 խումբ ստացել է կաթիլային ոռոգման համակարգով աշխատող թունելային ջերմոցներ, բրոկոլիի սերմեր եւ գործիքներ: Ձեւավորվել է բարձրարժեք պանրի արտադրության  6 կոոպերատիվ եւ չրի ու խոտաբույսերի արտադրության 6 կոոպերատիվ: