Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահե Հովհաննիսյանը միանում է ստորագրահավաքին՝ հանդես գալով իր առաջարկով

Քաղաքականություն
vahe

Ողջունում եմ change.org-ում սկսված` «Արդարություն Հայաստանում» արշավը, որը նախաձեռնել են Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Վահե Բերբերյանը, Ալեքսիս Օհանյանը և այլք: Ես միանում այդ ստորագրահավաքին` միաժամանակ հանդես գալով կոնկրետ առաջարկով. մշակել առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերահսկման հստակ մեխանիզմ. 1.      Ստեղծել ձայների հաշվման զուգահեռ կամ այլընտրանքային համակարգ: Կարող է կոչվել այլընտրանքային ընտրական հանձնաժողով: Սա պետք է ներառի քարոզարշավի մոնիտորինգը, մոտ 6-7 հազար դիտորդի պատրաստում, բոլոր ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն, այդ նպատակով համապատասխան տեխնիկական ապահովում, էքզիթ փոլերի կազմակերպում: Այս այլընտրանքային ԿԸՀ պետք է կատարի քվեարկության վերահսկում և ձայների զուգահեռ հաշվարկ: Այս դեպքում հնարավոր կլինի կանխել զանգվածային կեղծումները և ստանալ քվեարկության հնարավորինս ճշգրիտ պատկերը: Այլընտրանքային ԿԸՀ-ն պետք է լինի վերկուսակցական մարմին և չպետք է սպասարկի որևէ քաղաքական ուժի շահերը: Այն պետք է կազմված լինի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, «Արդարություն Հայաստանին» նախաձեռնության ներկայացուցիչներից, և այնտեղ մասնակցություն պետք է ունենան հավասարության սկզբունքով քաղաքական կուսակցությունները: Սա կլինի քաղաքակիրթ պայքարի և ներհասարակական վստահության հաստատման ամենաէֆեկտիվ մեխանիզմը: 2.      Որպես ԱԺ պատգամավոր, որպես քաղաքացի` իմ պարտքն եմ համարում հրապարակայնացնել իմ մտահոգությունը` այսպես կոչված «ռեյտինգային քվեարկության» վերաբերյալ: Արդեն իսկ ՏԻՄ ընտրությունների ընթացքը ցույց է տալիս (թեկնածուների ծեծ, առևանգում, Գյումրիի ողբերգություն և այլն), որ չափազանց լարված են հանրային տրամադրությունները: Ռեյտինգային քվեարկությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ դառնալու է բոլորը բոլորի դեմ թշնամանքի բանաձևը: Սա ռումբ է` Հայաստանում ներհասարակական համերաշխության և կայունության հիմքում: Որևէ մասնավոր նպատակ, որևէ կուսակցական շահ չարժե, որ մենք գնանք նման ռիսկային ճանապարհով: Դեռ ժամանակ կա այս համակարգը վերանայելու: Հ. Գ. Ես պատրաստ եմ իմ առաջարկի մանրամասները քննարկել բոլոր հետաքրքրված շրջանակների հետ և, իհարկե, այն կուղարկեմ Ս. Թանկյանին և նախաձեռնության հեղինակներին: Վահե Հովհաննիսյան ԱԺ պատգամավոր «Համախմբում» կուսակցություն