Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պահածոների տուփերը լավ պաշտպանում են մեր զինվորների անվտանգությունը» (տեսանյութ)

Քաղաքականություն
asulis-2

«Եթե վերցնենք Հայաստանի նախկին երկու վարչապետների ելույթները՝ երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ, ապա դրանք, ասես, մեկը մյուսի կրկնությունը լինեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը՝ հավելելով, որ նորանշանակ վարչապետը նույնպես մատնանշել է նույն խնդիրները: «Տեսնում եմ պատմության կրկնություն, որտեղ անընդհատ խոսվում է մեր տնտեսական վատթար վիճակի մասին: Բայց զավեշտալի է, որ ՀՀԿ ներկայացուցիչները տարբեր ատյաններով մեզ ասում են, որ մեր տնտեսությունը լավացել է, որը պետական բարձր մակարդակով, չգիտես ինչու, հաստատում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, դրանից օրեր անց մենք իմանում ենք, որ Հայաստանում տեղի է ունեցել տնտեսական աճի նվազում եւ հիմա դարձյալ մեզ պետք են տնտեսական ռեֆորմներ: Ես կարծում եմ, որ սա արատավոր շրջանակ է, որը քայքայում է ՀՀ տնտեսական կառուցվածքը»: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը, որը նշեց՝ մեր երկրում տեղի ունեցող փոփոխությունները կատարվում են, որպեսզի առավել արդյունավետ տնտեսություն ունենանք: Նա նշեց նաեւ, որ ՀՀԿ խմբակցությունն այսօր ԱԺ-ում առաջարկել է Սփյուռքի նախարարությունը վերանվանել Սփյուռքի եւ հայրենադարձության նախարարություն: Սրան ի պատասխան՝ Անուշ Սեդրակյանը նշեց. «Քանի դեռ կոռուպցիայի դեմ պայքարը զուտ անձերի տեղափոխման, տեղաբաշխման կամ  նախարարությունների վերանվանման ուղով է ընթանում, այլ ոչ թե փոխում իր բնույթը, ուզում ես՝ հազար անգամ անուն փոխիր, դրանից ոչինչ չի փոխվելու մեր երկրում»: Բանախոսներն անդրադարձան նաեւ ՀՀ Անկախության 25-ամյակի զորահանդեսի ընթացքում ցուցադրված զինտեխնիկային: Գագիկ Մելիքյանի խոսքով՝ մեր բանակը պաշտպանված է եւ առաջին հերթին դրանում առկա գաղտնիությամբ:  Նրա խոսքով, պահածոների տուփերը շատ լավ պաշտպանում են մեր զինվորների անվտանգությունը: