Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ում երեխաների գրեթե 1/3-ը թե՛ աղքատ է, թե´ ունի բազմակի խոցելիություն (տեսանյութ)

Հասարակություն
unicef

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)-ի հայաստանյան գրասենյակը և ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել են Հայաստանում առաջին ամբողջական ազգային վերլուծությունը մանկական բազմաչափ աղքատության վերաբերյալ: Իր տեսակի մեջ այս հետազոտությունն առաջինն է մեր տարածաշրջանում և հիմնված է ազգային բազմակի և համընկնող խոցելիության վերլուծության մեթոդաբանության վրա, որ մշակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի  Ինոչենտի հետազոտությունների գրասենյակի կողմից (ֆլորենցիա): Զեկույցը մանկական աղքատության վերաբերյալ ամբողջական պատկեր է տալիս ազգային համատեքստում՝ ներառելով թե՛ բազմաչափ, թե՛ դրամական աղքատությունը, ինչպես նաև՝ տվյալներ տրամադրում չափումների համընկման աստիճանի վերաբերյալ: «Մանկական աղքատությունն ավելին է, քան պարզապես դրամական կարիքը. այն բազմաչափ է: Երեխաների համար աղքատ լինել կարող է նշանակել զրկված լինել կյանքի համար վճռորոշ պայմաններից, ինչպիսիք են սնուցումը, կրթությունը, ժամանցն ու կացարանային պայմանները: Այս զրկանքներն ավելին են, քան պարզապես դրամական կարիքները, որոնք ազդում են երեխայի ոչ միայն ներկա կյանքի, այլև՝ հետագայում իրենց ամբողջական ներուժը զարգացնելու կարողության վրա», - նշել է  Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: Վերլուծությունը չափում է կարիքավորությունը մի շարք չափումներով, որոնք ընտրվել են շահագրգիռ կողմերի հետ խորհրդատվական լայնածավալ գործընթացի արդյունքում՝ խարսխվելով նաև Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի վրա: Դրանք են՝ սնուցումը, վաղ մանկական կրթությունն ու խնամքը,  կրթությունը, ժամանցը, սոցիալական փոխհարաբերությունները, հագուստի առկայությունը, տեղեկատվությունը, կոմունալ և տնային պայմանները: Զեկույցի մեթոդաբանության հիմնական առանձնահատկություններից մեկը կենսափուլային մոտեցումն է. տարբեր տարիքի երեխաներ ունեն տարբեր կարիքներ: Ուստի վերլուծության հիմքում ընկած են երեք հիմնական՝ 0-5, 6-14 և 15-17 տարիքայինխմբեր: Գյուղաբնակ երեխաների 82 տոկոսը խոցելի է, մինչդեռ քաղաքաբնակների միայն 53 տոկոսն է խոցելի: Գյուղ-քաղաք այս կտրուկ տարբերությունների հիմքում ընկած է կոմունալ պայմանների (87%) և տեղեկատվության հասանելիության սահմանափակ լինելը (57%), մինչդեռ սա ճշմարիտ է քաղաքաբնակ երեխաների միայն 1/3-ի դեպքում: Ի դեպ, զրկանքների բաշխման կամ աղքատության կոնկրետ չափումների առումով չկան նշանակալից գենդերային տարբերություններ: Երբ բազմաչափ աղքատությունը համադրվում է դրամական աղքատության հետ, յուրաքանչյուր 3 երեխայից 1-ը թե՛ աղքատ է, թե՛ խոցելի: Երեխաների 28 տոկոսը խոցելի է է 2 և ավելի շեմերում և աղքատ է: Այս երեխաները հասարակության ամենախոցելի հատվածն են, և նրանց պետք է առաջնահերթություն տրվի սոցիալական քաղաքականության տեսանկյունից: Երեխաների 36 տոկոսը կարիքավոր է, բայց ոչ աղքատ: Այս երեխաներին անհրաժեշտ է անմիջական միջամտություն՝  խոցելիությունը վերացնելու համար, քանի որ նրանք կարող են դուրս մնալ այն քաղաքականություններից, որոնք ուղղված են միայն նյութական աղքատությունը վհաղթահարմանը: Վերլուծությունը կարևոր տվյալներ է հաղորդում ոչ միայն սոցիալական քաղաքականության մշակման համար՝ երաշխավորելու, որպեսզի երեխաները պաշտպանված լինեն ռիսկերից, այլև՝ ընդլայնելու այն ծառայությունների հասանելիությունը, որոնց կարիքը երեխաներն ունեն: Անկախ օգտագործվող մեթոդաբանությունից, վիճակագրությունը մեզ հուշում է, որ երեխաներն ավելի քան որևէ տարիքային խումբ, ենթակա են աղքատության ռիսկին: Մանկական աղքատությունը վերացնելը մարտահրավեր է շատ երկրների համար, և առանցքային խնդիրներից է: ՅՈՒՆԻՍԵՖ-ը պաշտպանում է յուրաքանչյուր երեխայի իրավունքներն ու բարեկեցությունն իր գործունեության ցանկացած ոլորտում: Մեր գործընկերների հետ միասին, մենք աշխատում ենք 190 երկրներում և տարածքներում այս  հանձնառությունը գործնական քայլերի վերածելու ուղղությամբ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ամենախոցելի երեխաների վրա՝ հանուն բոլոր երեխաների շահերի: