Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վերցրել ես պաշտոնը՝ ստանձնիր մինչև վերջ». Գ. Մակարյանը՝ վարչապետին (տեսանյութ)

Քաղաքականություն
Gagik-MAkaryan-1

«Վարչապետի խնդիրներից մեկը պետք է լինի, որ համայնքների բյուջեները կազմվեն օպտիմալացված, ավելորդ ծախսերը և դոտացիաները պետք է կրճատվեն, որովհետև դրանք բառիս բուն իմաստով կոռուպցիայի բուն են: Հսկայական գումարներ՝ անտեղի հոդվածներով, ներկայացված այդ գումարները կա՛մ վերածվում են ատկատների, կա՛մ շռայլորեն օգտագործվում են այլ նպատակների համար, կա՛մ էլ տրվում պետական մարմինների՝ տեղերում նրանց սիրաշահելու համար»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Ըստ միության նախագահի՝ Կառավարության հաջորդ խնդիրներն են տրված գումարների ծախսերի հաշվետվությունը, մարզպետարաններից հաշվետվությունների պահանջումը, Կառավարությանը և Ֆինանսների նախարարություններին կից վերահսկող մարմիններին պատասխանատվության ենթարկելն ու պարզելը, թե մինչև հիմա ինչու են աչքերը փակել անտեղի ծախված գումարների վրա: «Եթե Կառավարությունը երկար ժամանակ է փորձում կոռուպցիայի դեմ պայքարել, ապա համարեք, որ կամ չի ցանկանում, կամ չի կարողանում: Կոռուպցիայի դեմ կարելի է պայքարել ընդամենը մեկ ամսվա ընթացքում և 100-ավոր միլիոններ բյուջե լցնել»: Մակարյանի կարծիքով՝ մեր վարչապետների խնդիրն այն է, որ իրենց սահմանադրորեն տրված իրավունքներն ու ֆունկցիաները լիարժեք չեն կատարում.«Երբ որ իրենք վախենում են, չեն անում, խուսափում են, իրենց թույլ չեն տալիս և բացահայտ չեն ասում, երբ որ գալիս է ժամանակը, և դանակը ոսկորին է հասնում, միշտ էլ հանրապետության նախագահը կամ ԱԺ-ն կարող են ասել՝ վարչապետ, դու քո ֆունկցիաները չկատարեցիր: Եվ նա չի կարող ասել, որ ես չկատարեցի, որովհետև ինձ խանգարեցին»: «Չես կարողանում ստանձնել, ուրեմն մի՛ վերցրու այդ պաշտոնը, վերցրել ես՝ ստանձնիր մինչև վերջ»,- եզրափակեց Գագիկ Մակարյանը: