Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտգործնախարարի պաշտոնակատարի հանդիպումները Նյու Յորքում

Պաշտոնական
6529_hq

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ

  Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին մասնակցող արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 24-ին հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երախտագիտություն հայտնեց իր պաշտոնավարման ընթացքում կազմակերպության աշխատանքներին Հայաստանի ակտիվ մասնակցության համար և ընդգծեց, որ Հայաստանի դիվանագիտությունը շատ տեսանելի և կառուցողական դերակատարություն է ծավալել միջազգային ասպարեզում, ոչ միայն իր առաջնայնությունների առումով, այլև ՄԱԿ-ի առջև ծառացած խնդիրների լուծման նպատակով։ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում բարձր են գնահատում գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ արդյունավետ համագործակցությունը, ու շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա առաջնորդության, նախաձեռնությունների և գործադրած ջանքերի համար՝ ուղղված ՄԱԿ-ի կանոնադրության արժեքների, նպատակների ու սկզբունքների առաջ մղմանը։ Զրուցակիցները քննարկեցին ՄԱԿ-ի օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Բան Կի-մունը Էդվարդ Նալբանդյանին հանձնեց իր հեղինակած գիրքը, որում ամփոփված է վերջին տաս տարիներին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա գործունեությունը։ https://www.youtube.com/watch?v=ltCZ26UyeZQ   ----------------------------------------------------------------------------------------------------- Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 24-ին հանդիպեց Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ-Ջաֆարիի հետ: Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին երկու բարեկամ երկրների միջև համագործակցության առավել խորացման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերը։ Այս առումով կարևորվեցին փոխադարձ բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, միջկառավական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը, ԱԳՆ-երի միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը։ Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ տարեցտարի խորանում են գործարար կապերը, ընդլայնվում է առևտրաշրջանառությունը, որն արդեն կազմում է շուրջ 120 մլն ԱՄՆ դոլար։ Իրաքի արտգործնախարարն Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրեց երկրում կայունության հաստատման, ահաբեկչության դեմ մղվող պայքարի մասին։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջային մի շատ հրատապ խնդիրների շուրջ։ https://www.youtube.com/watch?v=dWPme8nmYYY ------------------------------------------------------------- Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Մեքսիկայի ԱԳՆ-ների միջև Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Մեքսիկական Միացյալ Նահանգների ԱԳ նախարարությունների միջև: Խորհրդակցությունները վարում էին ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության պետ Արման Հակոբյանը և Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարության Եվրոպայի վարչության պետ Ֆրանսիսկո դել Ռիոն: Քննարկվեց երկկողմ հարաբերությունների զարգացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, առևտրատնտեսական համագործակցության խթանմանը, տարբեր միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք մտքեր փոխանակվեցին արդի միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ: Կարևորվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը: Այցի ընթացքում մեքսիկական պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Աշոտ Հովակիմյանի և Ռոբերտ Հարությունյանի հետ: Փոխնախարար Հովակիմյանի հետ հանդիպմանը քննարկվեցին մի շարք տարածաշրջանային հիմնախնդիրներ, այդ թվում՝ վերջին զարգացումները լատինաամերիկյան մի շարք երկրներում, ԼՂ բանակցային գործընթացի շուրջ, ինչպես նաև հայ-մեքսիկական հարաբերություններին վերաբերող հարցեր: Փոխնախարար Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ, մասնավորապես՝ առևտրատնտեսական հարաբերությունների խթանման հնարավորություններին, գործարար շրջանակների փոխայցելությունների անհրաժեշտությանը, տնտեսական ոլորտի իրավապայմանագրային դաշտի ձևավորմանն առնչվող հարցերի: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Մեքսիկայի տնտեսության ներկա վիճակի և զարգացման հեռանկարների շուրջ: --------------------------------------------------------------------------------- Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչներին Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչներին՝ կառույցի քաղաքական հարցերով գործադիր տնօրեն Ջեյսոն Իսակսոնի գլխավորությամբ: Հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունները, մի շարք տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները։ Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումն առաջ մղելու ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ջանքերի մասին: