Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՏԻՄ ընտրություններում եղել են ֆեյք թեկնածուներ»

Քաղաքականություն
nkar-3

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմիլ Երիցյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ առաջ ավելի կուլիսային էին գործում, սակայն հիմա արդեն հրապարակային են ուզում գործել: Նա փորձեց ընդհանուր շեշտադրումներով խոսել սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները. «Միայն ընտրական պրոցեսի տեխնիկայով չպետք է գնահատել ընտրությունները, այլեւ քաղաքական նշանակությամբ»: Նա խոսեց նոր ԸՕ-ով սահմանված որոշ սահմանափակումների մասին. «Համայնքներում ընտրությունների հետ կապված պահանջվում է մինչեւ գրանցման պահը առնվազն երկու թեկնածու լինի: Սա առաջ է բերում ընտրական գործընթացի արժեզրկման, այսինքն՝ միտումն այն է, որ մրցակցայնություն առաջացվի, սակայն սա բերում է մի երեւույթի, որ ապահովելու համար օրենսդրության այդ պահանջը՝ շատ համայնքներում առաջադրում են թեկնածուներ՝ աշխատակից, գործընկեր, տեղակալ ու սոցիալական ցանցերի լեզվով ասած՝ մենք ունենում ենք ֆեյք թեկնածուների երեւույթ: Սա ընտրական պրոցեսների արժեւորում չէ. սա ավելի շատ բացասական ազդեցություն է ունենում: Մենք առաջարկել ենք, որ այս նորմը հանվի»: Էմիլ Երիցյանը նաեւ նկատեց՝ այս ընտրությունները աչքի ընկան նաեւ նրանով, որ թեկնածուները ցանկանում են ոչ թե որեւէ կուսակցության կողմից առաջադրվել, այլ ինքնաառաջադրվել՝ դա համարելով շահեկան: Նա դժգոհ էր համայնքներում մրցակցության մակարդակից. «Դրականն այն է, որ 20-30 տոկոս սերնդափոխություն ունենք համայնքի ղեկավարների թեկնածուների մեջ»: Պարոն Երիցյանը խոսեց նաեւ խոշորացված 8 համայնքում անցկացված ընտրություններից՝ նշելով, նրանցից հինգում առաջադրվել է մեկ, իսկ մեկ համայնքում՝ երկու թեկնածու. «Այսինքն, սա նշանակում է, որ անգամ խոշորացված համայնքներում կուսակցությունները որեւէ հետաքրքրություն չեն ցուցաբերում, հատկապես Սյունիքում. անհատներն առավել ակտիվ են եղել: Գենդերային առումով էլ ունենք նահանջ՝ կին գյուղապետերի թիվը նվազում է: Ի դեպ կազմակերպչական առումով այս ընտրությունները ավելի լավն էին»: Ըստ նրա՝ ընտրակաշառքների մասին լուրերը մեծ ազդեցություն չեն ունեցել ընտրությունների որակի վրա: