Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասնա ծռերին բեռնատար տրամադրողը «Դատապարտյալների հիվանդանոց»-ում է

Քաղաքականություն
bernatar

«Սասնա ծռեր»  խմբին բեռնատար տրամադրած Խաչատուր Գիչյանը շարունակում է գտնվել  «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Պաշտպան Տիգրան Սարգսյանը «Ա1+»-ին  տեղեկացրեց, որ երեկ է տեսակցել նրան, առողջական վիճակը հիմա համեմատաբար լավ է: Սեպտեմբերի 10-ին նշանակված կալանքի երկարացման վերաբերյալ  դատական նիստից անմիջապես  հետո սրտի նոպաների պատճառով  69-ամյա Խաչատուր Գիչյանը տեղափոխվել է  «Դատապարտյալների  հիվանդանոց» ՔԿՀ: Պաշտպանը նշում է, որ Խաչատուր Գիչյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան, այդ իսկ պատճառով էլ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան: «Հիմնավորված չէ նրան կալանքի տակ պահելը: Նա ինքնակամ է ներկայացել իրավապահ մարմիններին: Բացի դա չի կարող խոչընդոտել գործի նախաքննությանը, քանի որ գործով բոլոր մեղադրյալները կալանքի տակ են: Ենթադրությունները հիմք չեն կալանավորելու համար»,- ասաց պաշտպանը: Խաչատուր Գիչյանը մեղադրվում է շենքեր ու շինություններ, կապի միջոցներ զավթելու եւ ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելու եւ տեղափոխելու հոդվածներով։