Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեւանի քաղաքապետ. «Այս ամենն ուղղորդվում է մարզպետի կողմից»

Քաղաքականություն
28762-300x200

Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն իրեն այսօր բերման ենթարկելը եւ Քննչական կոմիտեի Մարտունու քննչական բաժնում հարցաքննելը համարում է շոու: «Այդ բոլորը կազմակերպում է Սեւանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանը:  Հիմա էլ ընտրապայքար է, ինքը մի թեկնածուի կողքը բռնած ման է գալիս: Ամեն օր մի բան սարքում են, հիմա ի՞նչ իմանամ վաղը ինչ կսարքեն, ով ինչքան խելք ունի սարքում է: Այս ամենն ուղղորդվում է Գեղարքունիքի մարզպետի կողմից»,- «Ա1+»-ին ասաց Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը: Նա հարցաքննվում է ստորգետնյա խողովակները յուրացնելու հետ կապված քրեական գործի շրջանակներում: Քաղաքապետի խոսքերով՝ իր դեմ քրեական գործ չկա հարուցված, նա պարզապես վկա է անցնում: Հարցաքննությունից հետո  նա մասնակցել է նաեւ նախընտրական հանդիպման: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Սեւանում քաղաքապետի ընտրություններ են, ինչն էլ լարված մթնոլորտ է ստեղծել քաղաքում:  Քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանին հանրապետական կուսակցությունը չի սատարում:  Քաղաքապետի  մյուս թեկնածուն Սեւան ազգային պարկի տնօրենի տեղակալ, անկուսակցական Սարգիս Մուրադյանն է, ում էլ պաշտպանում է Գեղարքունիքի մարզպետը: Սեւանի քաղաքապետ է ցանկանում դառնալ նաեւ անկուսակցական Արա Սմբատյանը: