Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառուցվածքային փոփոխություններ. նախարարներն անհանգստացած են (տեսանյութ)

Քաղաքականություն
karen-karapetyan-5

Կառավարության նիստում այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ որոշել է մի շարք նախարարություններ վերանվանել, որոշների կառուցվածքում փոփոխություններ կատարել, որոշները՝ ուղղակի լուծարել: Նա հայտարարեց, որ վերանվանվում է Էկոնոմիկայի նախարարությունը՝ Ներդրումների եւ ձեռնարկությունների աջակցության նախարարության, Տրանսպորտի եւ կապի նախարարությանն ավելանում է տեղեկատվական տեխնոլոգիաներ բառակապակցությունը, Քաղաքաշինության նախարարությունը վերակազմակերպվում է, ցանկից դուրս է գալիս, եւ ենթադրվում է, որ կստեղծվի կոմիտեի տեսքով: «Վերանվանելով Էկոնոմիկայի նախարարությունը՝ մենք գործարարներին ասում ենք, որ դուք ունեք մի օղակ, որտեղ ձեր դիտողություններն ու ցանկությունները կարող եք հայտնել եւ որպեսզի նրանց աջակցենք, մենք պետք է ունենանք տնտեսական անալիզ: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կազմում Գյուղատնտեսության նախարարությունից դուրս կգա ու կմիավորվի Ջրային պետական կոմիտեն: Ջրերի հարցում ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծենք: Տրամաբանությունն այն է, որ գյուղացուն չպետք է նեղացնենք, սակայն դա բերում է ոչ էֆեկտիվ ծախսերի: Չեմ ուզում ստեղծվի տպավորություն, թե սուբյեկտիվ քայլեր ենք անում՝ նոր կառավարչի հաշվին: Ավիացիայի վարչությունն էլ տեղափոխում ենք Տրանսպորտի եւ կապի նախարարություն: Էկոնոմիկայի նախարարությունից առանձնացնում ենք Տուրիզմի վարչությունը, որը կդառնա կոմիտե ու կոնկրետ խնդիրներ ենք դնում նրա առջեւ, քանի որ հարեւան երկրին մենք անհամեմատ զիջել ենք: Քաղաքաշինության նախարարության փոխարեն, կարծում եմ, կստեղծենք Ճարտարապետության եւ մշակութային պահպանման կոմիտե: Մշակույթի նախարարի կարծիքն այն է, որ դա սխալ է, քանի որ ճարտարապետները ագրեսիվ են, հակված են փոփոխությունների, ու այս դեպքում կվտանգվեն մշակութային արժեքները: Ուզում եմ վերջում ասել, որ մենք չենք համարել կրիտիկական, ինքնանպատակ այսօրվա նախարարության կառուցվածքի փոփոխությունը: Ծրագիրը ներկայացնելուց հետո կհասկանանք՝ օպտիմալը որն է»: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն առարկեց՝ ասելով, որ իր համար հաճելի չէ, որ էկոնոմիկա անունը հանվելու է. «Սակայն ընդունելով ձեր շեշտադրումը, պարոն վարչապետ, ինձ մտահոգում է մի քանի հարց, որոնք նախարարության լիազորությունների տիրույթում է, սակայն անվան մեջ չի երեւում: Օրինակ՝ արտաքին առեւտուրը, որը տնտեսության հիմնական շարժիչ ուժն է»: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ ահազանգեց՝ մշակութային արժեքների պահպանության համար. «Ես խնդրում եմ՝ լրջագույնս քննարկել Քաղաքաշինության նախարարության վերակազմավորումը»: Քաղշիննախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ խոսքը գնում էր միմիայն վերակառուցվող կառույցների մասին, այլ ոչ մշակութային արժեքների մասին: Վարչապետը վերջում ասաց, որ էկոնմիկայի նախարարությունից  ընդամենը այդ բառն են հանում: