Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ճարտարապետությունը քիչ է ենթարկվում քաղաքական փոփոխությունների» (տեսանյութ)

Հասարակություն
shenqer

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում այսօր բացվել է «Երրորդ հանրապետության ճարտարապետությունը՝ 1991-2016 թթ» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին։ Ցուցահանդեսում ընդգրկված են ավելի քան 30  ճարտարապետների եւ ճարտարապետական արվեստանոցների կողմից անկախության տարիներին նախագծված եւ իրականացված շենքերը եւ շինությունները։ Ինչպես ցուցահանդեսի բացմանը նշեց ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլյանը, Ճարտարապետությունն այն ոլորտն է, որ քիչ է ենթարկվում քաղաքական փոփոխությունների։ «Անցած հարյուրամյակների, հազարամյակների ընթացքում մեր հանճարեղ ճարտարապետները ստեղծել են ճարտարապետական գոհարներ։ ՈՒրախ եմ, որ վերջին 25 տարիների ընթացքում եւս մեր ճարտարապետները կարողացել են ստեղծել այնպիսի պետական, ազգային նշանակության կառույցներ, որոնք դարեր շարունակ պետք է մնան եւ օրինակ դառնան ապագա ճարտարապետների սերունդների համար»,-ասաց Արմեն Ղուլյանը։ Թանգարան –ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանի խոսքերով, պետությունը փորձում է անել ամենը՝ որպեսզի ճարտարապետությունը զարգանա եւ լինի կանոնակարգված, շինությունները լինեն դասակարգված։ «Այսօր կան շատ հաջողված շինություններ, մենք ունենք, կարեւորագույն քաղաքաշինական նախագծեր, բնակելի, հասարակական, պաշտամունքային շինություններ։ Ոչ բոլորն են հաջողված, սակայն ունենք մեծ նվաճումներ։  Նոր վարչական շենքի տիպ է ստեղծվել ժամանակակից Հայաստանում, նոր թանգարան է ստեղծվել, նոր պողոտա է բացվել։ Այժմ էլ փորձ է արվում հին Երեւանի շինությունները հավաքել եւ դարձնել մի արգելոց»,-ասաց Թանգարանի տնօրենը։ Ցուցահանդեսը կգործի մինչեւ նոյեմբերի 20-ը;