Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանությունները հիմնվելու են ՏԻՄ ընտրությունների վրա»

Քաղաքականություն
tim

Երեկ հինգ մարզի 317 համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններին «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն ունեցել է 110 դիտորդ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը նշեց, որ ընտրատեղամասերում հաճախակի բարձրացվող հարցերից մեկն այն էր, որ ընտրողը բացահայտում է, որ իր փոխարեն ընտրություն է կատարվել՝ իր անվան դիմաց ստորագրված է. «Սա լուրջ խնդիր է, որ շարունակում է մնալ այսօր: Ընտրությունները հիմնականում հանգիստ է անցել Տավուշի մարզում, սակայն ամենից շատ բողոքները եղել են Աշտարակից, Ջրառատից, այսինքն՝ այն ընտրատարածքներում, որտեղ գոնե քիչ թե շատ մրցակցություն կա, այդտեղ ընտրախախտումների հավանականությունը բարձրանում է»: Քննարկմանը մասնակից ՔՊԿ փոխնախագահ Լենա Նազարյանը նշեց, որ պաշտոնական տվյալներով՝ Նոր կյանք համայնքում իրենց թեկնածուն հաղթել է. «Մեր կուսակցությունը մասնակցել է երեք համայնքում, որից երկուսում պարտվել է, սակայն համարում ենք, որ այս փորձը շատ կարեւոր է, քանի որ վերլուծում ենք՝ հետագայում ռազմավարությունը մշակելու համար: Մեր մոտեցումն այն է, որ մասնակցելու ենք ՏԻՄ ընտրություններին ու ունենալու ենք գործունյա թեկնածու: Մենք կպահենք մեր ընտրողների ձայները, որտեղ որ մասնակցենք. որեւէ ընտրողի քվե չի կորչելու»: Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքին, ապա նա նշեց, որ եղել են ոչ շատ խոշոր խախտումներ. «Գոնե իմ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը շատ պատրաստակամ էր՝ հարցերը լուծելու հարցում, միայն հանձնաժողովի անդամներից մեկը հուշում էր ընտրողներին, թե ում դիմեն՝ օգնության համար»: Իսկ իրենց թեկնածուի՝ Գարիկ Սարգսյանի հաղթանակը Լենա Նազարյանը պայմանավորում է թեկնածուի ակտիվ աշխատանքով, որը տնից տուն անցնելով ներկայացրել է իր ծրագրերը: Գառնու համայնքի թեկնածու Արուսյակ Այվազյանը առաջիկա ՏԻՄ ընտրություններին պատրաստվում է ինքնաառաջադրվել. «Փորձելում եմ կոտրել համայնքում առկա ազգակցական կարծրատիպը, խնամի-ծանոթ շրջանակը, որը ժամանակին շատ մեծ դեր է խաղացել: Հիմա փորձում եմ մարդկանց ազատել այդ կապանքներից, որպեսզի մարդկանց գնահատեն ըստ իրենց արժանիքների: Կարծում եմ՝ մարդկանց գիտակցական մակարդակը բարձրացել է, հատկապես Ազատ գետի մեր պայքարից հետո, երբ միասնական էինք»: «Իրավունքի Եվրոպա» ավագ իրավախորհրդատու, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ  Տիգրան Եգորյանի կարծիքով էլ՝ ՏԻՄ այս ընտրությունները վերջին տարիներին ամենաակտիվն էին. «Դրանք հատկապես աչքի ընկան չափազանց մեծ թվով խախտումների սպեկտրով: Սա ունի մի քանի պատճառ, որոնցից կարելի է առանձնացրել ամենաէականը՝ ՏԻՄ ընտրությունները միայն տեղական նշանակության չեն ընկալվում իշխանությունների համար՝ ՏԻՄ-ի վրա  հենվելով են իշխանությունները ԱԺ ընտրությունների ժամանակ տարածքային վարչական ռեսուրսները օգտագործելու: Սրա մասին  վկայում է այն, որ մաքսիմալ անգործություն ցուցաբերվեց. կամայականորեն եւ մասսայականորեն խախտվեցին մարդու իրավունքները»: Ըստ նրա՝ աննախադեպ էր այն, որ ուրիշների փոխարեն քվեարկությունը մեծ թվերի հասավ, որը նախկինում չկար՝ շուրջ 134 իրավախախտում. «ԿԸՀ պահվածքը հստակ ցուցիչ է, որ այս կազմը ի զորու չէ ընտրական իրավունքի ապահովում իրականացնել, ընտրական իրավունքի երաշխավոր հանդես գալ՝ որպես անկախ հանձնաժողով»: Տիգրան Եգորյանը պատրաստվում է մինչեւ օրվա վերջ ԿԸՀ ներկայացնել 90 խախտման մասին դիմում՝ շուրջ 57 ընտրատեղամասից: