Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծեծված թեկնածուն չի հրաժարվի ընտրապայքարից (տեսանյութ)

Քաղաքականություն
hivandanoc

«Էրեբունի» բժշկական կենտրոնի Ուրոլոգիական բաժանմունքում առավոտից ոստիկաններ էին եւ Էջմիածմի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի հարազատներն ու ընկերները: Արթուր Թումանյանի հետ այդպես էլ հնարավոր չեղավ զրուցել. նրա հարազատների խոսքերով՝ նա ի վիճակի չէ ու չի ցանկանում որեւէ հարցի պատասխանել: Այդ պահին իրավապահ մարմինները նրա հարազատներին հաղորդեցին, որ քննիչը Արթուր Թումանյանին կանչում է իր մոտ՝ հարցաքննության: Նրա հարազատները դեմ արտահայտվեցին՝ պատճառաբանելով, որ նրա վիճակը ծանր է եւ լավ կլինի, եթե քննիչն ինքը գա հիվանդանոց: Մի պահ, Արթուր Թումանյանի հարազատները ցանկացան նրա բուժումը շարունակել տանը, սակայն բժշկի հորդորներից հետո՝ մնացին: Ի դեպ, բժշկական կենտրոնից հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ նրա առողջական վիճակի մասին: «Ա1+»-ի եւ «Շանթ» հ/ը հետ զրուցեց միայն Արթուր Թումանյանի կինը՝ Գոհար Գալստյանը: Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերին մոտ կրակոցներ են հնչել Էջմիածին քաղաքում եւ ծեծռկռտուք տեղի ունեցել քաղաքապետի թեկնածուներ Կարեն Գրիգորյանի եւ Արթուր Թումանյանի կողմնակիցների միջեւ: Արդյունքում Արթուր Թումանյանն ու նրա կողմնակից Ստեփան Աբգարյանը տեղափոխվել են հիվանդանոց: Վերջինս առավոտյան դուրս է գրվել: Գոհար Գալստյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ամուսնու վիճակը միջին ծանրության է։ Այնուհետեւ, նա պատմեց, թե ինչ է տեղի ունեցել երեկ գիշեր. «Ամուսինս տանն էր, նրան զանգահարեցին, որ ավագանու անդամին՝ Կիրակոս Վաժակյանին եւ նրա աշխատակցին՝ Լիդային, առեւանգել են, չկան: Արթուր Թումանյանը ավագանու մյուս անդամի՝ Ստեփան Աբգարյանի հետ, դուրս են եկել, իրենց ասել են, որ Կիրակոս Վաժակյանն ու Լիդան ինչ-որ բենզալցակայանում են: Նայելով եկել են, չեն գտել, նրանց դիմաց է դուրս եկել Կարեն Գրիգորյանի մեքենան, որի մեջ էր նաեւ նրա եղբայր Արման Գրիգորյանը: Այդտեղ եղել է մեքենաների միտումնավոր բախում: Հետո՝ Կարեն Գրիգորյանենք 7 մեքենայով եկել են Արթուրենք «07»-ի հետեւից, որը լրիվ ջարդուփշուր եղած է: Նրանց մեքենաներից դուրս են եկել 20 հոգի՝ երկուսի դեմ՝ Արթուրի եւ Ստեփանի դեմ: Դա նրանց ձեռագիրն է, որ միշտ շքախմբով են, մենակ երբեք չեն՝ ոչ ինքը, ոչ իր հայրը՝ Մանվել Գրիգորյանը՝ եւ զենքով, եւ ամեն ինչով»: Ի դեպ, Կիրակոս Վաժակյանին դեռ չեն գտել, նրա ասելով, իսկ Լիդային կեսգիշերն անց բաց են թողել: Նրա խոսքերով՝ նման դեպքեր շատ են եղել, հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում. «Նրանք ահաբեկել են Արթուրին. երբ իմացել են, որ դրել է թեկնածությունը, ընտանիքի անդամներին են վիրավորել, անգամ հասել են երեխաներիս՝ փորձել են վարկաբեկել: Մենք ուղղակի ոչ մի անգամ ուշադրության չենք արժանացրել, արհամարհեցինք, դրա համար էլ Կարեն Գրիգորյանը դիմեց այս քայլին: Իմ կարծիքով՝ ինքը զգում էր՝ ինչ է կատարվում. միշտ պատերազմ հայտարարողը, միշտ պարտվում է»: Տիկին Գոհարը նշում է, որ Կարեն Գրիգորյանի մոտ եղել է զենք, եղել են կրակոցներ, սակայն օդի մեջ՝ վախեցնելու նպատակով: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա Գոհար Գալստյանն ընդգծեց՝ վաղը կայանալիք քաղաքապետի ընտրությունները կայանալու են. «Իրենք ուզում էին այս քայլով այնպես անել, որ Արթուրը հրաժարարվի պայքարից, սակայն դա չի լինելու: Թեկուզ եւ, ոչ ոք չի կարող ասել՝ կհաղթի Արթուրը, թե ոչ, սակայն նա չի պատրաստվում հրաժարական տալ: Մեր կողմից ընտրությունները նորմալ են անցկացվելու. վստահված անձինք կլինեն իրենց տեղերում: Հակառակորդի կողմից ոչինչ չեմ կարող ասել, քանի որ այսօր տեսանք այս ամեն ինչը»: